ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես հաստատել է Հայաստանի կողմից մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակի պահպանումը: Գնահատումն իրականացրել է Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեն:
«ԱՀԿ-ն բարձր է գնահատել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը կանխելու ծրագրում ունեցած առաջընթացը, ինչպես նաեւ աշխատանքային միգրանտների համար ՄԻԱՎ-ի ծառայությունների հասանելիության բարձրացման նպատակով մեր երկրում իրականացված միջոցառումները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի կողմից մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակի պահպանման վերաբերյալ հաջորդ որոշումը կընդունվի 2023-ին:
Հիշեցնենք, որ Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեն 2016-ին վավերացրել է Հայաստանի կողմից մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը, որն այնուհետեւ վերահաստատվել է 2018-ին։
Մասնագետների պնդմամբ՝ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում կենցաղային շփումների ժամանակ` ձեռք սեղմելու, համբույրի, գրկախառնվելու միջոցով, հեռախոսից, համակարգչից օգտվելիս, հագուստի եւ սպիտակեղենի միջոցով, հասարակական զուգարանից օգտվելիս, ջրի, սննդի, հազի, փռշտոցի, մոծակի կծելու միջոցով:
ՄԻԱՎ-ով վարակվել հնարավոր է միայն սեռական ճանապարհով`առանց պահպանակի սեռական հարաբերությունների ժամանակ, վարակված արյան միջոցով` թմրամիջոցների ներարկային օգտագործման, չախտազերծված բժշկական պարագաների օգտագործման ժամանակ, ՄԻԱՎ վարակ ունեցող մորից` հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ եւ կրծքով կերակրվելիս: