«Ստեղծել մարդկային գեղագիտություն, զարգացնել ձեւեր ու ոճեր, որոնք համապատասխանում են վիճակի բարոյականությանը» (Հայնրիխ Բյոլ )
Հասարակության հետ հաղորդակցության խնդիրը միշտ է առանձնահատուկ հոգածության կարիք ունեցել մեզանում, քանի որ կամ վստահվել է մարդկանց, որ ձեւը կարեւորում են բովանդակությունից կամ համարվել է, որ այն մեկ հոգու սելֆիի ձողիկի անելիք է սոսկ։
Այսօր այդ խնդիրը տասնապատիկ ավելի խոցելի ու զգայուն է դարձել։
Պատերազմական շոկից ու ցավից չապաքինված հասարակության հետ հաղորդակցության ճիշտ ոճ ու ձեւ ընտրելը ահռելի աշխատանք ու նրբանկատություն է պահանջում։ Որակներ, որոնք կարծես միշտ էլ անտեսվել են ներկա կառավարության ներկայացուցիչների եւ հատկապես կառավարության ղեկավարի կողմից։
Այս շաբաթ կառավարության նիստում հնչեցված բնորոշումները սպասվելիք տոնակատարության մասին ասվածի վառ ապացույցն են։ « Մասշտաբային ու գունագեղ տոնակատարության» երեւակայական կաղապարների մեջ հասարակությունը ապտակ ստանալու զգացողություն ունեցավ։ Հարցը, սակայն, երկու հարթություն ունի, կարծում եմ։
Բովանդակային հարթության մեջ հարցը հակասական է, որովհետեւ անկախության օրվա ու հատկապես 30-ամյակի նշումը իսկապես կարեւոր հարց է ու վստահ եմ, եթե կառավարությունը որոշեր առհասարակ ոչինչ չանել այդ օրը, նորանոր կասկածների տեղիք էր տալու ու արդարացի քննադատության արժանարար։
Քաղաքական ուժը, որի օրոք անկախության ու ինքնիշխանության զգալի կորուստներ ենք ունեցել, պիտի փորձեր ապացուցել, որ իր համար նույնպես դրանք կարեւոր արժեքներ են։ Թեեւ, իհարկե, որեւէ երեւույթի արժեւորումը ոչ թե օրվա հիշատակմամբ, այլ այդ արժեքի ամրապնդմանը միտված քայլերով է նշանավորվում, բայց ծեսերը նույնպես մեր հասարակական կյանքի կարեւոր բաղադրիչն են ու դրանց անտեսումը եւս հղի է հասարակական ընդվզմամբ։
Այլ կերպ ասած՝ անկախության տոնն անտեսելը ճիշտ ուղերձ չէր լինի։
Ձեւի իմաստով չափազանց կարեւոր է, թե ներկա իրավիճակում, երբ հասարակության մեջ որդեկորույս ծնողների ու այրիացած կանանց ցավի ծանրությունը, անհայր մնացած երեխաների վաղաժամ մեծացած հայացքների ողբերգությունը կախված է օդում, տոնակատարություն ասելով ինչ նկատի ունես ու ինչպես ես այն իրագործելու։
Այս հարցի մասին մանրամասներ կարծես դեռ հայտնի չեն եւ հուսանք՝ պատասխանատուները բավարար ժամանակ ունեն մանրամասն վերլուծելու ամեն մի հնչյուն, բառ ու պատկեր, որ այդ օրը կլսվի / կերեւա հրապարակում։ Եւ, վերջապես, առանձնակի կարեւորություն ունի նաեւ հաղորդակցության ձեւի ընտրությունը․ այն, թե ինչպես ես ներկայացնում ասելիքդ/անելիքդ, պակաս կարեւոր չի նրանից, թե ԻՆՉ ես ասելու/անելու։
Հայաստանի վարչապետը՝ ինչքան էլ լեգիտիմ ու հասարակության մի հատվածի համար գուցե անգամ սիրելի, արդարացիորեն ասոցացվում է այն աղետի հետ, որ ապրեցինք, բայց դեռ չենք վերապրել ու դժվար թե տարբերակ լինի վերապրելու։
Եւ անկախ նրանից, թե ինչ է ասում պատերազմը կանխելուն միտված քայլեր չձեռնարկած կամ գուցե ձախորդ քայլեր ձեռնարկած մարդը, տրամաբանական է, որ պիտի սվիններով ընդունվի։ Այս իրադրության մեջ այսքան անզգույշ լինել եւ օգտագործել նաեւ բառեր, որ ոչ միայն անտեղի, այլեւ պայթունավտանգ են՝ բառիս ամենալայն ու ոչ միայն փոխաբերական իմաստով, նշանակում է բոլորովին անտեսել այն իրականությունը, որի մեջ ապրում ենք։
Մեր երկրում դեռ երկար գունագեղ ու մասշտաբային բառերը չեն կարող տեղ ունենալ, որովհետեւ ցավը, որ ապրում ենք, անհամատեղելի է այդ ճռճռան պաթոսի հետ։
Ավարտեմ Հայնրիխ Բյոլի խոսքով. «Զգուշություն խոսքերից, տոնախմբություններից, որոնցում, երաժշտությամբ զարդարված, արտահայտվում է մռայլ պաթոսը։ Տոնախմբությունների շքեղության մեջ լռեցվում է հենց այն, ինչին պետք էր ականջալուր լինել՝ մահացածների լռությունը, եւ ուրեմն, ոճի, գեղագիտության հարց է, թե ինչպես պետք է հիշել մահացածներին»։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։