Կարո Պողոսյանը ծնվել է 1994 թվականին, Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում։ Աշխարհի չափ սիրում է իր փոքրիկ աշխարհը՝ Մեծ Սեպասարը։ Ասում է՝ գյուղում կյանքն ուրիշ է, պարզ է, ուրախ է, միաժամանակ հոգսաշատ է, բայց այնքան քաղցր են այդ հոգսերը։ «Ունեինք պարտականություններ, շտապելով անում էինք մեզ բաժին հասած գործերը եւ գերդաստանի տղաներով հավաքվում էինք, խաղում, ուրախանում, ծիծաղում»։
Երեք քրոջ միակ կրտսեր եղբայրը իրական մանկություն է վայելել։ Մի փոքր սրտնեղում է, որ մերօրյա երեխաները ժամանակակից խաղերի պատճառով մոռացել են կենդանի շփումը․«Մեզ ծեծելով էին տուն բերում, հիմա երեխաներին համակարգչային խաղերից կտրել՝ դուրս հանել չի լինում»։
Մանկության վերջին էջը փակվում է 2012-թվականին, երբ Կարոն հագնում է զինվորական համազգեստն ու համալրում Զինված Ուժերի շարքերը։ 2014-ին զորացրվում է՝ հայրենիքի հանդեպ պարտքը կատարած։ Ծիծաղում է՝ սիրտս չէր կտրվում բանակից, մեկ ամիս ավելի եմ ծառայել։
«Վերադարձա իմ ծննդավայր։ Բանակում մտածում էի՝ հասնեմ տուն ու սարեր կշրջեմ, բայց հասկացա, որ ճանապարհ ունեմ անցնելու»։
Կարոն մեկ տարի արտագնա աշխատանքի է մեկնում եւ զգում, որ հայրենիքից դուրս հայրենիք չի գտնի․ «Հեռվի «անուշ» ձայնը ականջիս հեչ էլ անուշ չնստեց, վերադարձա ու ծառայության անցա Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայության Սահմանապահ Զորքերում»։
2016 թվականից սկսած տունն ու հայրենիքի սահմանը Կարոյի համար հավասար կիսվում են՝ 15 օր տանն էր, 15 օր՝ սահմանին։
2020 թվականի սեպտեմբերի 27-ի չարաբաստիկ առավոտը նման չէր սահման գնալու մյուս օրերին։ Կարոն եւ զինակից ընկերները միահամուռ խմբվեցին Արցախի սահմանին։
Ծառ ու ծաղկի հանդեպ յուրահատուկ սեր ունեցող Կարոն խրամատի մեջ մի փոքրիկ, նորատունկ շիվ է տեսնում, մանր քարերով եզրագծում է ու իրեն բաժին հասած ջուրը սիրով կիսվում է ծառի հետ։
Ծառայակից ընկերներից մեկը՝ Գեղամը, տեսարանից ազդված, նկարում է Կարոյին։ «Մտքովս էլ չէր անցնում, որ նկարն այդքան տարածում կգտնի, ինչ յուրահատուկ բան էի արել որ, բոլոր տղաներն էլ այդպես էին վարվում»,- ասում է Կարոն։
Պատերազմի ամենաթեժ օրերից մեկն էր։ Կարոյենց ջոկատը Հորադիզում անօդաչու թռչող սարքի թիրախում է հայտնվում։ 22 զինծառայողից երեքն են ողջ մնում, այդ թվում՝ հայտնի ծառ ջրող տղան՝ Կարոն։ Այրվածքների ու կոտրվածքների ցավից նա գիտակցությունը չի կորցնում ու կարողանում է վառվող մեքենայից դուրս թռչել։
Հիվանդանոցն է հիշում, ջուր ուզելն է հիշում․․․Աչքերը բացում է վերակենդանացման բաժանմունքում։ Զարմացած դեմքեր էր տեսնում, զգում էր, որ ինչ որ առանձնահատուկ բան կա կապված իր հետ՝ ինչ-որ նկարի հետ էին համեմատում ու ասում. «Ծառ ջրող տղան է․․․»։
Մինչ օրս Կարոն 10 վիրահատություն է տարել։ Հոկտեմբերին եւս չորսն է նախատեսված։ Առողջական վիճակից չի ուզում խոսել, նեղվում է՝ ցավում է, թող ցավի, թող բոլոր ընկերներս ողջ մնային, թեկուզ իմ վիճակով։
Ապագայի մասին խոսելիս Կարոն մտքով գնում է դեպի իր ջրած ծառը, ասում է՝ այդքան արյունը իզուր չհոսեց։ «Իմ ջրած ծառն արմատ է գցել, մենք անելիք ունենք Արցախում»։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։