Արցախի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Ազոխ, Դրախտիկ, Քարին տակ եւ Ավետարանոց համայնքներից տեղահանվածների համար կկառուցվի շուրջ 550 առանձնատուն: Բնակավայրերի շինարարությունն իրականացվում է Արցախի եւ Հայաստանի կառավարությունների ֆինանսական միջոցներով։
Առաջին բնակարանները պատրաստ կլինեն արդեն 2022-ին, իսկ շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտին հասցնել 2023-ին։
Ասկերանի շրջանի Այգեստան եւ Նորագյուղ համայնքներ այցելած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Արցախյան երրորդ պատերազմի հետեւանքով տեղահանված բոլոր ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը գտնվում է պետության հատուկ ուշադրության կենտրոնում։
Պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններից ընդհանուր առմամբ տեղահանվել է 9396 ընտանիք կամ 38154 մարդ, ամենաշատ բնակիչները եղել են Հադրութի, ամենաքիչը՝ Շահումյանի շրջանում։