Ռուսական գազի գինը Բելառուսի համար 2022-ին նույնը կմնա․ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ավելի քան 3 ժամ տեւած բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Բացի դրանից, նախատեսվում է ստեղծել նավթի ու նավթամթերքների, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի միասնական շուկա: Համապատասխան պայմանագիրը կստորագրվի մինչեւ 2023-ի դեկտեմբերի 1-ը։
ՌԴ նախագահը նշել է, որ երկու երկրների միջեւ կորոնավիրուսի հետ կապված օդային ուղեւորափոխադրումների բոլոր սահմանափակումները կչեղարկվեն։
Կրեմլում Պուտինի ու Լուկաշենկոյի՝ այս տարվա մեջ արդեն հինգերորդ հանդիպում-բանակցություններից հետո Բելառուսի նախագահը հայտարարել է, որ հնարավոր է՝ երկու երկրների միասնական պետության մասին փաստաթղթերի փաթեթն ընդունվի արդեն հոկտեմբերի վերջին։ Լուկաշենկոն այդ փաթեթը բնորոշել է որպես «ճեղքում մի քանի ոլորտներում»։
Բելառուսի նախագահը տեղեկացրել է նաեւ, որ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել դեպի միասնական պետություն տանող 28 ճանապարհային քարտեզների շուրջ։
Իր հերթին, Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ մինչեւ 2022-ի ավարտը Բելառուսին 640 միլիոն դոլար վարկ կհատկացվի։
Վերլուծաբանների համոզմամբ՝ այդ պայմանագրով երկու պետությունների միությունը կամրապնդվի, սակայն Բելառուսը կզիջի ինքնիշխանության զգալի մասը, ինչին ինքը՝ Լուկաշենկոն, անցած տարիների ընթացքում ամեն կերպ դիմադրել է:
Անցած տարի վեցերորդ անգամ նախագահ հռչակված Լուկաշենկոն գրեթե ամբողջովին մեկուսացվել է միջազգային համայնքի կողմից:
Ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության նկատմամբ բիրտ ուժ կիրառելու եւ գրեթե բոլոր քաղաքական մրցակիցներին բանտեր նետելու, անկախ մամուլը լռեցնելու, մարդու իրավունքները ոտնահարելու համար Բելառուսը ենթարկվել է կոշտ քաղաքական եւ տնտեսական պատժամիջոցների:
Արեւմտյան երկրները հրաժարվում են ճանաչել Լուկաշենկոյի հաղթանակը եւ համագործակցել նրա ռեժիմի հետ, ինչի հետեւանքով Բելառուսի միակ հուսալի քաղաքական եւ տնտեսական գործընկերը դարձել է Ռուսաստանը:
Պատրաստեց՝ Ռոբ Մանուկյանը