«Համոզում էին՝ մի գնա, Երեւանում քեզ մեծ ապագա է սպասվում, այստեղ լայն հնարավորություններ կան: Ընկերներս ու հարազատներս խորհուրդ էին տալիս Երեւանի պետական համալսարանն ավարտելուց հետո մնալ մայրաքաղաքում, բայց իմ ծննդավայր Հադրութն անբացատրելի ձգողական ուժ ուներ: Երեւի հողը կանչում էր, չգիտեմ, հիմա եմ զգում, որ ճիշտ արեցի՝ գնացի, այնտեղ որոշ ժամանակ հասցրեցի ապրել, աշխատել, պիտանի լինել երեխաներին»,- պատմում է 25-ամյա Արմինե Սարգսյանը։
Նա Հադրութ քաղաքի եւ Այգեստան գյուղի դպրոցներում անգլերեն էր դասավանդում: Հետո որոշում է սեփական գործը հիմնել. կարճ ժամանակում տարածք է վարձակալում, եւ անգլերենի ուսուցման կենտրոն բացում, որը դառնում է Հադրութ քաղաքի նմանատիպ առաջին կենտրոնը: «Շատ աշակերտներ ունեի, ուսուցման կենտրոնում ավելի հաճույքով էի աշխատում, քան դպրոցում»,- պատմում է Արմինեն: «22 աշակերտ ունեի, պահանջարկ կար, երեխաները սիրով էին գալիս, ծնողների համար էլ մեծ օժանդակություն էր կենտրոնը: Այստեղ էլ փորձում եմ պահպանել կապը աշակերտներիս հետ, ոմանց հետ շարունակում եմ տեսակապով պարապել, երբեմն էլ՝ տանն եմ դասավանդում»:
Ընտանիքի անդամները պատերազմից առաջ պետական կառույցներում էին աշխատում, մայրը՝ սոցապ նախարարությունում, հայրը Հադրութի շրջանի վիճակագրության բաժնի պետն էր: Եղբայրը Հադրութի գլխավոր հողաշինարարն էր, ընկերոջ հետ բանջարեղենային ջերմոց էին հիմնել: «Բերքը հավաքելու ժամանակն էր, երբ պատերազմը վրա հասավ: Ամեն ինչ մնաց այնտեղ, ե՛ւ իմ մանկությունը, ե՛ւ մեր տունը, որին այդպես էլ հրաժեշտ չտվեցի»,- ասում է Արմինեն։ «Փորձում եմ պինդ լինել, ամեն խոսքից չարտասվել, բայց երբեմն չի ստացվում, ափսոսում եմ, որ մի լուսանկար էլ չի պահպանվել, որ գոնե այդպես կարոտս մեղմվի»:
Արմինեն քրոջ ու երեխայի հետ Հայաստան է եկել պատերազմի առաջին օրը, մայրը Հադրութից դուրս է եկել հոկտեմբերի 8-ին, երբ արդեն պարզ էր, որ քաղաքն ընկել է, իսկ հայրն ու եղբայրը՝ դիրքերում էին:
Աբովյան քաղաքից՝ Մալաթիա-Սեբաստիա, այնտեղից էլ՝ Նոր Նորքի 2-րդ զանգված: Չորս ամիս է այստեղ վարձակալությամբ են ապրում: Պետությունից ընտանիքի անդամները 30000-ական դրամ են ստանում, որով էլ կարողանում են բնակվարձը վճարել:
Բնակարանի պատշգամբում խնամքով շարված են Արմինեի մոր պատրաստած չրերը: Հադրութում չիր պատրաստում էին տնամերձ հողատարածքի բերք ու բարիքից: «Սա միակ տարին է, երբ միրգը շուկայից ենք գնում»,- ասում է Արմինեն:
Մրգերի տեսականին վերջին շրջանում առատորեն սպառվում է Սարգսյանների տանը: Քաղցրահամ թուզ, դեղձ, խնձոր, տանձ, նարինջ, կիվի, լիմոն ..մի խոսքով ձեռքի տակ ինչ միրգ է ընկնում՝ Արմինեն վերածում է խրթխրթան ֆրիփսերի, այլ կերպ ասած մրգային չիփսերի:
«Միտքը հանկարծակի ծագեց, գիշերը մտածեցի, իսկ առավոտյան սկսեցի գործել, շատ բան չի պահանջում, միայն միրգ ու համապատասխան սարք: Առավոտյան սարքը ձեռք բերեցի ու գործի անցա: Միտքը, որ շուկայում ֆրիփսերը դեռ լայն տարածում չունեն՝ ոգեւորեց»:
Սկզբում ընտանիքի անդամների համար էր պատրաստում, փորձ ձեռք բերելուց հետո ապրանքանիշ ստեղծելու միտքը հանգիստ չէր տալիս Արմինեին: Ֆեյսբուքյան էջ է բացում, անվանում Hadrut sweet corner` Հադրութի քաղցրիկ անկյուն, որն էլ կհիշեցներ ծննդավայրի մասին:
Չիփսերը շատ համեղ եւ օգտակար են: Չորացվում են 45 աստիճան ջերմության պայմաններում եւ չեն կորցնում մրգի կարեւոր ու օգտակար նյութերը: Խրթխրթան չիփսերը գրավիչ կարող են լինել հատկապես երեխաների համար, Արմինեն առաջարկում է քիմիական հավելանյութերով վնասակար չիփսերը, որ այդքան սիրում են երեխաները՝ փոխարինել ֆրիփսերով:
Էկո թղթերի փաթեթավորմամբ եւ մատուցմամբ չիփսերը հարմար են նվերի համար, թեյի սիրահարներին եւս կարող է գրավել:
«Մեծ ծավալով չեմ պատրաստում, միայն պատվերների դեպքում: Փորձում եմ հասկանալ պահանջարկ կա, թե՝ ոչ: Երկու-երեք օրվա ընթացքում պատվերը պատրաստ է լինում: Քանի որ որոշ մրգերի սեզոնն ավարտվում է, պետք է հասցնեմ ձմռան համար պաշար հավաքել»,- ասում է Արմինեն:
Մրգերի տեսականի, թե մի տեսակ միրգ՝ փաթեթի պարունակությունը պատվիրատուն անձամբ կարող է առաջարկել: Հիմա Արմինեն ապրանքանիշը գովազդելու ուղիներ է փնտրում, փորձում է գտնել մարդկանց, որոնք կարող են օգնել ավելի մեծ ծավալներով սպառել արտադրանքը:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։