Սա Ջեկոն է (անունը պայմանական դնենք Ջեկո): Երևանի թափառական շներից է: Բայց սովորական շուն չէ, շատ հետաքրքրասերն է: Ականջները սրած անընդհատ մեր շուրջն էր պտտվում, երբ նկատեց, որ «Հայաստանի անձավագիտական կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, անձավագետ, աշխարհագետ Սմբատ Դավթյանի ու Արտավազդ Ջանոյանի հետ Թումանյանի այգում ինչ-որ բան ենք տնտղում: Թերեւս մի բան գիտեր, գուցե ավելին, քան՝ մենք: Հետո, երբ սկսեցինք Հրազդանի աջակողմյան լանջով քայլել ջրանցքի հունն ի վեր, առանց երկմտելու մեզ միացավ, հաճախ անգամ առաջ էր անցնում գիտակ ուղեկցորդի պես:
Թումանյանի այգում այս ջրանցքը շատերդ տեսած կլինեք, բայց որ այն մի քանի հազարամյա պատմություն ունի, դժվար թե իմանաք: Ժամանակին այստեղ ցուցանակ կար, որից կարելի էր գոնե տեղեկանալ, որ Դալմայի ջրանցքն է՝ կառուցված մ.թ.ա 685-645 թվականներին, Ռուսա Երկրորդ թագավորի օրոք, որ սկիզբ է առել Հրազդան գետից, ունեցել 8,5 կմ երկարություն եւ ոռոգում էր Դալմայի այգիները:
Ցուցանակը Երեւանի քաղաքապետարանն էր տեղադրել, բացմանն էլ փոխքաղաքապետ Կամո Արեյանն անձամբ էր մասնակցել, բայց հետո ինչ-որ մեկին հավանաբար ցուցատախտակը պետք եկավ, մյուսին՝ մետաղական ձողը: Տեղում այսօր միայն բետոնե հիմքն է մնացել:
Ջրանցքի պատմական լինելու փաստը քողարկված է Խորհրդային միության տարիներին կատարված ամրացման աշխատանքների տակ: Ուստի դրանում համոզվելու համար անհրաժեշտ է Թումանյանի այգու տարածքից մտնել թունելի մեջ, բայց այդ դեպքում դուրս կգաք ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ի «Վերածնունդ» երիտասարդական ավանի շինհրապարակ, կամ կհայտնվեք ջրանցքին միացված խողովակում: Նման մի խենթություն ուղեկիցներս 2 տարի առաջ արել են, երբ ջրանցքի ելքը դեռեւս բաց էր:
Մոտ 1 ժամ կռացած, որոշ հատվածներում կքանստած անցել ենք: Ջրատարի այս մասը ԽՍՀՄ ժամանակներում ամբողջությամբ ամրացվել ու բետոնապատվել է: Այն սկսվում է Թումոյի այգուց, անցնելով Հալաբյան եւ Լենինգրադյան փողոցների տակով, ավարտվում Դալմայի այգիներում՝ ներկայիս շինհրապարակում:
Ջրանցքի երկայնքով հորեր կային՝ կլոր շարվածքներով, որոնք դուրս էին գալիս բակեր: Որոշ հատվածներում ուրարտական շերտերը երեւում են,- պատմում է Հայաստանի քարանձավախուզական ակումբի (Armenian Speleo Club: Black Bat) հիմնադիր Արտավազդ Ջանոյանը:
Ջրանցքի ուրարտական հետքը տեսնելու մյուս տարբերակն առավել անվտանգ է՝ հակառակ ուղղությամբ: Ուղեկիցներս նախկինում էլ են անցել այս երթուղին, որով քայլում ենք, դե ես էլ ուզում եմ ուրարտական հետքն անձամբ տեսնել: Ճանապարհին Սմբատ Դավթյանը պատմում է, որ Երևանի տարածքում երեք հազարամյակ շարունակ իրականացված քաղաքաշինական գործընթացները չեն խաթարել լանդշաֆտը եւ տարածքի երկրաձեւաբանական կառուցվածքները, սակայն սկսած 60-ականներից եւ հատկապես՝ 2001-2008 թվականներին մեծ ավերածություններ կատարվեցին:
«Ուրարտացիներից ավելի լավ երկրաբաններ չկան, նրանք լավագույնս էն ճանաչել այս ժայռերը: Այնպիսի հնարքներ են կիրառել, որ ուղղակի ապշեցուցիչ է: Հաշվի են առել տեղանքի թեքությունը ու ինքնահոս ջրամատակարարում ապահովել: Հաշվարկել են, թե Դալմայի այգիների այսկողմյան հատվածի համար ինչքան ջուր է պետք ու անհրաժեշտ ջրի քանակին համապատասխան ջրանցք են փորել, ոչ ավել, ոչ պակաս»,- ասում է Դավթյանն ու մատնացույց անում ժայռափոր այն հատվածները, որտեղ ժայռաբեկորները մանր ճեղքվածքներ ունեն ու ավելի հարմար են եղել պարզ գործիքներով թունել փորելու համար։ «Այ, տեսե՛ք այս մեծ քարաբեկորը, նրանք երբեք նման հատվածներում փորվածքներ չեն արել, հաշվի են առել ամեն նրբություն: Հասկացել են քարի լեզուն»:
Վերջապես հասանք ժայռափոր հատվածին, որտեղ ուրարտացիների շունչն է: Թունելի սկզբնամասը տարիների ընթացքում փլվել է, իրականում այն ոչ ավել, քան 1,5 մ բարձրություն է ունեցել: Մարդակերտ թունելը ներսից տեսնելու համար ստիպված ենք ջրատարի միջով անցնել:
Դալմայի այս ջրանցքը հաշվառված չէ որպես պատմամշակութային հուշարձան: 2019 թվականին, ժամանցի գոտու կառուցման պատճառով Դալմայի այգիների տարածքում «Պարկ Գրուպ» ընկերության շինարարների կողմից ուշ միջնադարյան գինու հնձանի «պատահաբար» քանդման դեպքը հիմք հանդիսացավ, որպեսզի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի հանձնարարությամբ կազմվի արշավախումբ ու Դալմայի այգիների տարածքում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում այգիների մի որոշ հատվածի տրվի հանրապետական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ: Սակայն դրանում երեքհազարամյա ջրանցքը չկա: Արշավախումբը հայտնաբերել է միայն Ք.ա. 2-1 հազարամյակի դամբանաթումբ, 19-րդ դարի հինգ հնձան եւ նույն դարի մառան: Բնականաբար պահպանության ենթակա գոտին շրջանցում է «Վերածնունդ» երիտասարդական ավանի շինհրապարակի տարածքը, որտեղ էլ ինչպես նշեցինք, ջրանցքի ելքն է:
Զրուցակցիս պնդմամբ 8-16 հարկանի կառույցների շինարարության մոլուցքի արդյունքում ոչ միայն Դալմայի ջրանցքն է տուժել, այլեւ խախտվել է Երեւանի փոքր կենտրոնի տակ ամբողջությամբ եւ մեծ կենտրոնի տակ՝ մասամբ, տեղադրված հակասեյսմիկ, 15 մետր հաստությամբ համասեռ հրաբխային տուֆի երկրաբանական շերտը:
Սմբատ Դավթյանն ու իր անձավագետ ընկեր Սամվել Շահինյանը գիտական լայնածավալ հետազոտություն են իրականացրել, առաջարկությունների փաթեթ մշակել ու ներկայացրել կառավարությանը դեռ 2014-ին:
Նրանց կարծիքով՝ Երեւան քաղաքի հնագույն հիդրոկառույցները, գործելով 3000 տարուց ավելի, միաձուլվել էին բնական լանդշաֆտներին, երկարատեւ գործարկման արդյունքում կարծես դարձել բնական երկրաձեւաբանության մի մաս, ոչնչով չէին խանգարում քաղաքի զարգացմանը, ընդհակառակը՝ մեծապես կնպաստեին Երեւանի էկոլոգիական վիճակի բարելավմանը: «Դալմայի այգիները կարելի էր վերածել հասարակական հանգստի վայրի՝ ճյուղավորված ջրանցքների ցանցով, էնդեմիկ պտղատու ծառատեսակներով, ավազաններով…» Անտարբերության եւ չիմացության հետեւանքով ավերակներ են մնացել նաեւ Հրազդանի ձորի այգիներից ու ձորն աստիճանաբար վերածվում է աղբանոցի:
«Ստորգետնյա ջրատարների վերականգնման խնդիրն այսօր չափազանց բարդ է, սակայն հաշվի առնելով, թե ինչ հետեւանքներ կթողնեն հունը փոխած կամ հիմնական հոսքի ուղղությունները փոխած եւ տարբեր խորություններում կուտակվող ջրերը, ապա այլընտրանքային ծրագրի կազմումը ոչ միայն արդիական է, այլեւ հեռանկարում երկրահամակարգի բնական ներդաշնակությունը վերականգնելու հնարավորություններ է ընձեռում»,- ասում է Դավթյանը:
Հաշվի առնելով 20-րդ դարավերջին բնորոշ ու ներկայում շարունակվող ուրբանիստական համակարգերի զարգացումները, եվրոպական մի շարք մայրաքաղաքների պատմական միջուկը, կամ գոնե վերջին հարյուրամյակների ընթացքում ձեւավորված քաղաքային միջավայրի սկզբունքային դեմքը պահպանելու հաջող փորձը, գիտնականներն առաջարկում են վերանայել Երեւանի քաղաքաշինության և կենսաանվտանգության հետ կապված խնդիրները: Նրանք առաջարկում են, օրինակ ուրարտական եւ Մամռի ջրանցքների պահպանության ու Երեւանին բնորոշ այգեգործական մշակույթի վերականգնման ծրագիր: Մասնավորապես Հրազդանի կիրճի մի հատվածում (Մամռի և Դալմայի ջրարգելակներից մինչև Կիեւյան կամուրջն ընկած տարածք) վերականգնել այգիները:
Կառավարությանն առաջարկել են նաեւ իրականացնել Դալմայի, Մամռի, Աբուհայաթի ջրանցքների եւ դրանցից ներքեւ գտնվող հողատարածքների վիճակի ուսումնասիրություն, կազմել տարածքի օգտագործման նախագիծ եւ վարձակալությամբ երկարատեւ օգտագործման տալ այգեգործներին՝ պայմանով, որ շահառուներն իրենց ուժերով վերականգնեն ջրանցքների վարձակալված հողամասերին կից հատվածները ու վերակառուցեն երբեմնի այգեգործական դարավանդները:
Նման նախագիծը կարող է նպաստել ոչ միայն Երեւանի երբեմնի դիմագծի, գոնե մի փոքր հատվածում, վերականգմանը, կանաչ տարածքների պահպանմանը, այլեւ զբոսաշրջության զարգացմանը:
Հեղափոխությունից հետո նրանք իրենց առաջարկությունները ներկայացրել են նաեւ նոր կառավարությանը՝ հույսով, որ վերջինս առավել բաց կլինի մայրաքաղաքի զարգացման տեսլականի վերանայման հարցում: Սակայն քաղաքապետարանից ստացված պատասխանից, թե կարող եք զանգահարել այսինչ համարով, գիտնականները վերջնականապես հուսալքվել են։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։