ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վիեննայում հայտարարել է, որ «Հայաստանն այսօր հանդես է գալիս տարածաշրջանում երկարամյա եւ կայուն խաղաղության հաստատման օրակարգով»: Մեկ շաբաթ առաջ ՀՀ վարչապետը Ղարաբաղի Անկախության առիթով նշել էր, որ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է եւ այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով»: Բաքուն սա համարել էր վարչապետի հիվանդ երեւակայության արդյունք:
Հիմա հարց՝ ի՞նչ է կախված Հայաստանից, որպեսզի հանդես գա «տարածաշրջանում երկարամյա եւ կայուն խաղաղության հաստատման օրակարգով»: Տարածաշրջանային ո՞ր գործընթացի վրա Հայաստանն ունի իշխանություն: Ոչ մի: Հայ-թուրքական հարաբերություններում մեզանից պահանջվում են զիջումներ ու դա արդեն Ղարաբաղի՝ որպես այդպիսին գոյություն չունեցող, հարցի հանգույն:
Թուրքիան Հայաստանին չափազանց բաց տեքստով է առաջարկում խելքը գլուխը հավաքել: Ադրբեջանն իր հերթին է մեզ առաջարկում զգույշ լինել հայտարարություններում, որոնք եթե գնահատվեն որպես «ադրբեջանական տարածքներին ներկայացվող պահանջ եւ անջատական միտումները հրահրում, վճռականորեն կանխվելու են՝ արժանանալով համարժեք պատասխանի»: Խնդիրն այն է, որ խաղաղության այն ընկալումը, որը կարող էր դառնալ տարածաշրջանում երկարամյա եւ կայուն, խեղդվեց հենց բնում:
Մենք խաղաղության մուրացիկներ ենք՝ հույսով, որ դրան այս պահից սկսած կարժանանանք նվազագույն կորուստներով: Եվրոպան, այս դեպքում Ավստրիան, իհարկե կծափահարի խաղաղության մեր ձգտումներին՝ հընթացս ասելով, որ Մինսկի խումբը գործ ունի անելու: Բայց ի՞նչ ունի առաջարկելու Հայաստանը, եթե թելադրողն այլեւս ինքը չէ: Հայաստանը համաձա՞յն է Իլհամ Ալիեւի հետ, որ Ղարաբաղի հարցը անցյալում է, համաձա՞յն է նրա այն պնդման հետ, որ Մինսկի խումբն անելիք չունի: Չէ՞ որ այս երկրորդ պնդումը նշանակում է, որ Հայաստանը պետք է համաձայնվի Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր դրանից բխող հետեւանքներով:
Ադրբեջանը մեզ պարտադրում է խաղալ պարտվածին վերապահված խաղի կանոններով: Մենք, բնականաբար, չենք ուզում: Փոխարենը ի՞նչ ունենք առաջարկելու՝ միջազգային հանրությո՞ւն, Էմանուել Մակրո՞ն: Այսինքն, որո՞նք են տարածաշրջանում երկարամյա եւ կայուն խաղաղության հաստատման խաղի կանոնները: Հայաստանն ի՞նչ է առաջարկելու Ռուսաստանին երկարամյա եւ կայուն խաղաղության հաստատման օրակարգով: Միայն մեկ բան՝ հեռանալ տարածաշրջանից եւ թույլ տալ ինքնուրույն լուծել մեր հարցերը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Իսկ դա Հայաստանը չի կարող անել: Ահա ինչու են խաղաղության խոսակցությունները հնչում Եվրոպայում, իսկ 2020-ի նոյեմբերի 9-ի եւ 2021-ի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթները խստորեն պահպանելու հորդորները՝ Մոսկվայում:
Հայաստանը միայն կարող է սպասել, մինչեւ Ադրբեջանը, Թուրքիան, Արեւմուտքը եւ Ռուսաստանը գտնեն այն հաշվեկշիռը, որից կշահեն բոլորը։ Հայաստանը միայն կարող է սպասարկել այդ հաշվեկշիռն՝ իր «այո»-ով կամ «ոչ»-ով: Եթե նրան հարցնեն:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: