«Գազպրոմ» ռուսական ընկերությունն այսօր հայտարարել է «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի կառուցումն ավարտելու մասին: Գազատարի կառուցումն ավարտվել է ժամկետից շուտ․ ավելի վաղ հայտարարվել էր, որ խողովակաշարը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ։
Գազատարի երկարությունը 1200 կիլոմետր է, կառուցումը սկսվել է 5 տարի առաջ, ծրագրի արժեքը մոտ 11 միլիարդ դոլար է:
Բալթիկ ծովի հատակով անցկացված գազատարով բնական վառելիքը Ռուսաստանից կհասնի Գերմանիա, որտեղից կփոխադրվի գերմանական եւ արտասահմանյան շուկա: Գազատարը շրջանցում է Ուկրաինայի տարածքը, ինչի հետեւանքով Ուկրաինան կզրկվի գազի տարանցման համար մոտ 2 միլիարդ դոլարի տարեկան եկամուտից:
Ուկրաինան, Լեհաստանը, Մերձբալթյան երեք հանրապետությունները, եվրոպական մի շարք այլ երկրներ, ինչպես նաեւ Միացյալ Նահանգները մշտապես պնդել են, որ գազատարը շահագործման հանձնելուց հետո բնական վառելիքի հարցում Ռուսաստանից Եվրոպայի կախվածությունն էլ ավելի կմեծանա:
2019-ին կառուցումը դադարեցվել էր՝ ծրագիրն իրականացնող ընկերությունների նկատմամբ ԱՄՆ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի սահմանած պատժամիջոցների պատճառով:
ԱՄՆ դեմոկրատ նախագահ Ջո Բայդենն այս տարի չեղարկել է պատժամիջոցները, քանի որ չի ցանկանում հարաբերությունները սրել դաշնակից Գերմանիայի հետ եւ, բացի դրանից, պարտավոր է հաշվի առնել, որ գազատարի կառուցումը գրեթե ավարտվել է:
«Հյուսիսային հոսք-2» գազատարից բացի արդեն 10 տարի՝ 2011-ի նոյեմբերի 8-ից շահագործվում է նաեւ «Հյուսիսային հոսք-1» խողովակաշարը: Դրանց միացյալ թողունակությունը կհասնի 110 միլիարդ խորանարդ մետրի, ինչը կկազմի Ռուսաստանից Եվրոպա տարեկան փոխադրվող բնական վառելիքի ընդհանուր ծավալի մոտ կեսը: