ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պարտադիր է դարձրել պատվաստումը պետական ծառայողների, պետական կլինիկաների եւ խոշոր ընկերությունների աշխատակիցների համար: Պահանջը կանդրադառնա մոտ 100 միլիոն քաղաքացու` աշխատող ամերիկացիների երկու երրորդի վրա:
Նախքան այս քաղծառայողները կարող էին ընտրել՝ կա՛մ պատվաստվել, կա՛մ կանոնավոր`շաբաթը մեկ թեստ հանձնել։ Այժմ չպատվաստված քաղծառայողներին, պետական դաշնային գերատեսչությունների բոլոր աշխատակիցներին պաշտոնանկություն է սպառնում, իսկ նրանց թիվը երկրում մոտ յոթ միլիոն է։
Բայդենը Սպիտակ տանն ունեցած իր ելույթում քննադատել է մոտ 80 միլիոն ամերիկացներին կամ ԱՄՆ ամբողջ բնակչության շուրջ մեկ քառորդին, որոնք մինչեւ օրս չեն պատվաստվել, հակառակ կորոնավիուրուսի՝ երկրում լայնորեն տարածված «Դելտա» շտամին, որը վարակումների, հոսպիտալացման եւ մահվան բազմաթիվ դեպքերի պատճառ է դարձել։
Երկրի ղեկավարը նշել է, որ պարտադիր պատվաստման ենթակա են 300 հազար մանկավարժներ եւ 17 միլիոն բուժաշխատողներ: Բացի դրանից, պարտադիր պետք է պատվաստվեն հարյուրից ավելի աշխատող ունեցող ընկերությունների աշխատակիցները։
ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմնակիցները քննադատել են համավարակի դեմ պայքարի նոր միջոցառումները։ Նրանք համարում են, որ Բայդենը չարաշահում է լիազորությունները։
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն ավելի վաղ պահանջել է պարտադիր պատվաստում զինծառայողների համար։ Պենտագոնի ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՄՆ վարչակազմը մինչեւ սեպտեմբերի կեսերը կհաստատի օրինագիծը։ Նշենք, որ ԱՄՆ բանակում շուրջ 1 միլիոն 300 հազար զինծառայող կա։
ԱՄՆ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտնել է, որ ամերիկյան զինծառայողների ավելի քան 73 տոկոսը պատվաստվել է առաջին չափաքանակով։
Այս պահին Միացյալ Նահանգներում պատվաստվել է բնակչության մոտ 53 տոկոսը։