«Պատվաստվելուց հետո քաղցկեղածին բջիջներն ակտիվանում են», «Երիտասարդներն էլ երեխաներ չեն ունենա», «Հարեւանս պատվաստումից հետո տրոմբից մահացել է»… Նման եւ այլ խուճապային գրություններ ու մեկնաբանություններ սոցիալական ցանցերում սկսեցին առավել հաճախ շրջանառվել այն բանից հետո, երբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց՝ հոկտեմբերի 1-ից չպատվաստված մարդիկ պետք է 14 օրը մեկ թեստավորվեն եւ թեստի բացասական պատասխան ներկայացնեն իրենց գործատուներին:
Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, Ճգնաժամային արձագանքման հանձնաժողովի անդամ Մերի Տեր-Ստեփանյանը հավատացնում է՝ որոշումը համաճարակային այս իրավիճակում անհրաժեշտություն է։
Պատվաստանյութից անպտղության, քաղցկեղի եւ այլ հիվանդությունների հնարավոր առաջացման կամ մահվան մասին՝ համաճարակաբանն ասում է․ «Նման ազդեցություն պատվաստանյութի հետեւանքով չի գրանցվել։
Անհանգստացնող հետպատվաստումային ծանր դեպք, որը կքննարկվի ճգնաժամային արձագանքման հանձնաժողովի հետ, մինչ օրս չի եղել»։
Պատվաստանյութերն ունեն իրենց հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի հավանականությունը՝ տեղային ռեակցիա, մեկօրյա տենդ։
Պատվաստումը կնպաստի վիրուսի մուտացիաների նվազմանը եւ կկանգնեցնի վարակի տարածման տեմպը։ Տարբեր արդյունավետությամբ՝ «Դելտա» շտամի վրա դրանք նույնպես ազդում են։ Եթե ցածր լինի պատվաստումային ընգրկվածությունը, ապա մուտացիաներն ավելի ինտենսիվ կլինեն ու հետո արդեն պատվաստանյութերը մոդիֆիկացնելու կարիք կլինի։
Շատ քաղաքացիներ արդեն խուճապի մեջ են․ չէ՞ որ ՊՇՌ թեստավորումը բավականին թանկ հաճույք է, իսկ չպատվաստվելու դեպքում կկորցնեն աշխատանքը։
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ որոշումը իրավական տեսանկյունից թույլ է։ Նա նշում է, թե որոնք են լինելու դրա ընդունման բացասական հետեւանքները․«Շատ կոլեկտիվներ, որտեղ գործատու-գործառու հարաբերությունները շատ լավ են, կարող են խաթարվել, որովհետեւ եթե աշխատակիցը չպատվաստվի, թեստ չհանձնի, գործատուի հանդեպ ինչ-որ սանկցիաներ կիրականացվեն։ Սրա հետեւանքով աշխատողը պետք է կամ հեռավար աշխատի, կամ պետք է չձեւակերպել այդ աշխատակցին կամ էլ ինչ-որ առիթ գտնել նրան հեռացնելու համար։ Սրանք ռիսկեր են, ինչի հետեւանքով աշխատողները կդիմեն դատարաններ, կսկսվի քաշքուկ եւ այլն»։
Գործատուների հանրապետական միությունը վարչապետին նամակ է հղել՝ առաջարկելով վերանայել հանրային ծառայությունների մասին օրենքը, կամ աշխատանքային օրենսգրքի առանձին կետեր։ Կա նաեւ առաջարկ, ըստ որի՝ գործատուն կարող է վճարել աշխատակիցների թեստավորման գումարները, եթե պետությունն այդ չափով կրճատի վերջիններիս հարկերը։
Զարմանալի է նաեւ, որ երկու կարեւոր նախարարություններ՝ ֆինանսների եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները դեռ չեն արձագանքել առողջապահության նախարարի այս հայտարարությանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերքինազ Տիգրանյանը կարծում է, որ հանրային առողջության տեսանկյունից պետք է որոշակի քայլեր ձեռնարկել, որպեսզի խրախուսվեն պատվաստումները, ինչը կորոնավիրուսը հաղթահարելու միակ տարբերակն է։
«Թեստավորման գները բավականին բարձր են միջին վիճակագրական բյուջետային աշխատողի համար, բայց դնել դա գործատուի վրա ճիշտ լուծում չեմ համարում, որովհետեւ իրավիճակը չի առաջացել գործատուի մեղքով։ Սա այն պարտադիր բժշկական զննությունը չէ, որն ամեն 6 ամիսը կամ տարին մեկ արվում է գործատուի միջոցների հաշվին՝ ինչպես նախատեսում է աշխատանքային օերնսգիրքը»,- ասում է Տիգրանյանը։
Պատգամավորը կարծում է, որ թեստավորման մատչելի գնի պատճառով մարդիկ այլեւս չեն պատվաստվի։ Մեկ-երկու անգամ վճարովի թեստ հանձնելուց հետո քաղաքացին նյութական զրկանք կկրի եւ կմտածի անվճար պատվաստվելու մասին։
Եթե աշխատակիցը չթեստավորվի եւ չպատվաստվի, ապա նրա մուտքը աշխատավայր ուղղակի պետք է արգելվի, որովհետեւ վերջինս համարվում է շրջապատի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող։ Հետո էլ եթե այդ աշխատակցի բացակայությունները համարվեն անհարգելի, արդեն կառաջանա աշխատանքից ազատման ռիսկ։ Այս պահին հրապարակված նախագիծը վերաբերվում է միայն հանրային պաշտոն եւ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց։
Կա տեսակետ նաեւ, որ չպատվաստվելու կամ թեստ չհանձնելու հիմքով չեն կարող միակողմանի լուծել աշխատակցի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, իսկ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությունը հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությանը, այլեւ աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ ՀՀ կնքած բոլոր միջազգային պայմանագրերին:
«Եթե սա նախարարի որոշումն է, ապա փաստացի որոշումն օրենքի ուժ ունի։ Իրականում, եթե դիտարկենք տարբեր իրավունքների տեսանկյունից անհամապատասխանություններ շատ կան։ Պատավստումները մինչ օրս չեն եղել գործատու-գործառու հարաբերություններում, սա աննախադեպ երեւույթ է։ Իհարկե, այդ պատրվակով գործատուն չի հեռացնի աշխատանքից, ուղղակի ստեղծվում են այնպիսի պայմաններ, որի հետեւանքով խախտվելու է աշխատանքային պայմանագիրը»,- ասում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը։
Այսպիսով, տեղի են ունենում մարդու տարբեր իրավունքների հատումներ, եւ կարելի է տարբեր կերպ մեկնաբանել․ մի դեպքում ասում են՝ սա հանուն հանրային շահի է, այդ շահը առաջնակարգ է ու գերակա, իսկ մյուս դեպքում՝ ոտնահարվում են մարդու իրավունքները։
Նույնն էր խնդիրը Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ, երբ մարդու իրավունքները ստորադասեցին հանրային գերակա շահին։