44-օրյա պատերազմում անմահացած լեյտենանտ Գեւորգ Կիրակոսյանի ընտանիքի համար 2021 թվականի օգոստոսի 28-ը կյանքի կարեւոր, բայց չկայացած իրադարձության ամսաթիվ է։ Այդ օրը Գեւորգի հարսանիքն էր լինելու, որից մեկ շաբաթ առաջ էլ պիտի զորացրվեր։
Չեղավ։ Փոխարենը Ռուսաստանից, Վրաստանից ու Հայաստանի տարբեր բնակավայրերից բազմաթիվ հյուրեր, այդ թվում նաեւ պատերազմում զոհված զինվորների հարազատներ էին Լոռու մարզի Հագվի գյուղ եկել՝ Գեւորգ Կիրակոսյանի գերեզմանին ծաղիկ խոնարհելու եւ նրա հիշատակը հավերժացնող հուշաղբյուրի բացման արարողությանը մասնակցելու։
Շիրմաքարի մոտ սպայի հորը՝ Դավիթ Կիրակոսյանին հանձնվեց որդու՝ ՀՀ Մարտական ծառայության մեդալը, ինչին հաջորդեց նրա կյանքի հետաքրքիր ու նշանակալի իրադարձություններն ամփոփող գրքի կազմի գինեձոն-շնորհանդեսը։ Գիրքը հրատարակվելու է մահվան տարելիցին՝ հոկտեմբերի 9-ին ընդառաջ։
Հուշագրությունից բացի, Մատաղիսում ընկած Գեւորգ Կիրակոսյանի մասին կպատմի նաեւ փառքի անկյունը, որը նրա հիշատակը հավերժացնող հուշաղբյուրի տարածքում է գտնվում։ Այստեղ երիտասարդ սպայի անձնական իրերն են, դիպլոմները, պատվոգրերը, լուսանկարները եւ այլն։
Իբրեւ սկիզբ
23-ամյա Գեւորգ Կիրակոսյանն ընտանիքի ամենակրտսերն էր՝ երեք աղջիկներից հետո երկար սպասված տղա երեխան, որին քույրերը մորը հավասար պահել, խնամել ու մեծացրել են՝ նրա համար անելով հնարավորն ու անհնարինը։ Մանկապարտեզ, դպրոց, ուսումնարան, համալսարան․ ընտանիքի անդամների համար Գեւորգի կյանքի բոլոր այս «իրադարձությունները» իսկական տոն են եղել, ինչպես որ տոն էին նրա ծնունդն ու ամբողջ կյանքը։
«Ես լավ եմ ապրել, ես վաթսուն տարեկանի կյանք եմ ապրել, մամ ջան»,- մի առիթով ասել է մորը։
Իսկ նրա լավ կյանքի համար ընտանիքն ամեն ինչ էր արել։ Ալավերդու արհեստագործական ուսումնարանում սովորելուց հետո Գեւորգը մեկնում է Դոնի Ռոստով եւ ընդունվում տեղի Հարավային դաշնային համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Ավարտելուց հետո նա պիտի Ղրիմում ծառայեր․ ՌԴ քաղաքացի էր։ Բայց անհանգիստ բնավորությամբ Գեւորգը որոշում է Հայաստան վերադառնալ․ եթե ծառայել, ուրեմն միայն Հայաստանի հանրապետությանը։
2018-ին ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, որտեղ մեկ տարի ուսանելուց հետո արդեն լեյտենանտի կոչումով սպայական ծառայության է մեկնում Մատաղիս։
Մարդ-տոն կամ պարզապես քայլող ուրախություն․ Գեւորգին այսպես են հիշում բոլորը։ Ընկերախմբի ոգին էր։ Զինվորական համազգեստով, ասում են, ալկոհոլ չէր օգտագործում, իսկ զինվորների մասին հոգ էր տանում անմնացորդ։
ԿԳԴ 409
Կիրակոսյան Գեւորգ Դավթի․ այսպես է բացվում հապավումը, իսկ 409 թիվը Գեւորգի՝ գուցե չգիտակցված ընտրությունն էր, որը հետո նրա կյանքի բոլոր լավ ու վատ իրադարձությունների խորհրդանիշն էր դառնալու։
«Գեւորգը, կարելի է ասել, պաշտում էր հայրիկիս՝ Վրաստանում ապրող մորաքրոջ տղային ու մանկուց երազում էր նմանվել Վանոյին։ Նրա մեքենայի պետհամարանիշը 409-ով էր, եղբայրս էլ որոշել էր, որ իր մեքենայի ու հեռախոսի համարներն էլ այդ թիվն են ունենալու։ Դրանից հետո 409-ը կամա թե ակամ դարձավ Գեւորգիս մշտական ուղեկիցը։ Այն պատահմամբ հայտնվում էր նրա բոլոր փաստաթղթերում՝ ռուսական անձնագրի համարի մեջ, խանութի կտրոններում, արտերկրից ուղարկված վերնաշապիկի պիտակին։ Անգամ ավտոմեքենայի շարժիչի վրայի սերիական համարն էլ 409 էր»,- եղբոր կյանքում հայտնված 409 թվի պատմությունն է ներկայացնում ավագ քույրը՝ Էլզա Կիրակոսյանն ու ավելացնում՝ հենց այդ նույն նիշերի համադրությունն էլ Գեւորգին հուշել է մոտալուտ դժբախտության մասին։
Պատերազմի նախորդ օրը Գեւորգն իրենց տեղափոխող մեքենայի առջեւից գնացող 2 ավտոմեքենա է տեսնում, որոնց 904 թվով պետահամարանիշները շփոթեցնում են սպային։ Էս ինչ վատ բան ա լինելու ինձ հետ, ասում է մեքենայի մեջ իր հետ գտնվող մարտական ընկերոջը՝ Դավիթ Ավետիքյանին։
409-ի հետ կապված պատմությունները շատ են, որոնք Գեւորգի ընտանիքի անդամներն այլեւս պատահական չեն համարում։ Ի՞նչ պատահականության մասին է խոսքը, երբ նրա՝ Զինված ուժերում ծառայելու օրերն էլ, ասում են, 409 են եղել։
Չուղարկված նամակը
Գեւորգից հետո նրա ընտանիքի անդամներից շատ ժամանակ ու մեծ ջանքեր են պահանջվում՝ բացելու նրա երկու հեռախոսների ծածկագրերը, որտեղ կարող էին լուսանկարներ, տեսանյութեր գտնել ու գոնե դրանցով փոքր-ինչ մխիթարվել։ Բայց այն, ինչ ամիսներ անց հայտնաբերում են հեռախոսներից մեկում նրանց շոկի մեջ է գցում։
«Հիմա 3։33 ա, հուլիսի 19-ը։ Էս նամակը գրում եմ, որովհետեւ հասկանում եմ՝ վիճակը լուրջ ա ու կարող ա նենց ա ստացվում․․․ որ ես չլինեմ ու ժամանակ չունենամ ձեզ ինչ-որ բան ասելու։ Էս իմ ընտրությունն էր, ոչ մեկը չէր կարա ինձ արգելի բանակ գնալ, սպա դառնալ ու պոստ պահել։ Ես էլ չեմ հասկացել, թե ինչ էր կատարվում հետս, բայց Ռոստովում օրերն էի հաշվում՝ երբ եմ պոստ հասնելու։ Չգիտեմ, բայց իմ տունը պոստում էի տեսնում։ Երեւի սա էլ իմ ճակատագիրն էր։ Բոլորիդ շատ եմ սիրում ու շատ գոհ ու շնորհակալ եմ, որ ձեր ընտանիքում եմ ծնվել»,- Մատաղիսում ծառայության ընթացքում հեռախոսին պահ տված նամակը Գեւորգն այսպես է շարադրել՝ իր սերն ու զգացմունքները հայտնելով սիրած աղջկան, ծնողներին, երեք քույրերին ու նրանց զավակներին։ Ապա հորդորել է՝ իրենից հետո մի քանի բան այնպես անել, ինչպես ինքը կուզեր՝ իր հետ դնել փոխգնդապետ հոր ուսադիրները, ավտոմեքենան չվաճառել եւ ամեն տարի 04․09-ին կազմակերպել մտերիմ ընկերների այցելությունն իր գերեզմանին։
Գեւորգի չուղարկված նամակի վերջաբանը մորն ուղղված երախտիքի խոսք ու սիրո խոստովանություն է, որի մեջ կարծես համոզում է նրան՝ երբեք չասել ու չհավատալ, որ իր որդին չկա։
«Մամ, Մարիա-Մանանա, իմ սուրբ, իմ ամեն ինչ, իմ աշխարհ, իմ գանձ։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, որ ծնել ես, դաստիարակել, պահել, մեծացրել։ Թե ոնց եմ քեզ սիրում․․․ բառեր չկան։ Միշտ հավատով մնա, միշտ էդպես սուրբ։ Ես էլ կամ ու կլինեմ քո սրտում։ Եթե ասեն, որ Գեւորը չկա՝ խաբում են։ Գեւորը կա ու կլինի էնքան ժամանակ, ինչքան որ կաս դու։ Խնդրում եմ երկար կապրես։ Եթե ասեն այսինչ տեղը Գեւորի գերեզմանն ա, ծաղիկ կբերես, բայց լուռ ու թաքուն կծիծաղես, որովհետեւ, եթե ողջ աշխարհն էլ ասի, որ Գեւորը չկա, իմացի՝ ես կամ ու քո սրտում եմ, քո մեջ։ Թող սիրտդ հավերժ ապրի, որ սրտիդ մեջ ես էլ հավերժ ապրեմ։ Հիմա լացում եմ, բայց նրա համար, որ հենց հիմա ուզում եմ գրկեմ քեզ։ Ինձ հավերժ երկնային կյանք ա տվել Աստված, իրա մոտ ա տանելու։ Գիտեմ, որ դրախտում եմ լինելու նախ եւ առաջ քո աղոթքների շնորհիվ։ Ուրեմն աղոթիր ինձ համար, մայր։ Քեզ լավ կնայես։ Բոլորիդ սիրում եմ, համբուրում։ Ձեր հերոս որդի՝ Լեյտենանտ 409»։
Այս նամակից հետո Կիրակոսյանների ընտանիքում փորձում են ապրել այնպես, ինչպես Գեւորգը կուզեր։ Իսկ նրա գրածների մասին, ասում են, դեռ շատ են խորհելու, որովհետեւ Գեւորգի հետ կապված զուգադիպությունների շղթան չի ընդհատվում, ինչն էլ ստիպում է մտածել, որ Գեւորգը կա։ Եվ դա է ապրեցնում նրանց, ուժ տալիս։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։