Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների հարազատները ֆեյսբուքում ֆլեշմոբ են կազմակերպել՝ պահանջելով չեղարկել սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրապետության հրապարակում կազմակերպվելիք Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված «գունագեղ ու մասշտաբային միջոցառումը»։
«Սպուտնիկ Արմենիան» մեջբերել է զոհված Մխիթար Գալեյանի մոր՝ Աստղ Գալեյանի գրառումը․ «Ես` հերոս Դուխավիկ Մխիթարի մայրս, դատապարտում եմ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցող գունագեղ միջոցառումը եւ պահանջում չեղարկել այն…»։ Զոհված զինծառայող Արթուր Սուքիասյանի հարազատներից Լալա Վարդանյանը գրել է, որ դատապարտում է բոլորին, ովքեր կմասնակցեն միջոցառմանը։ Օլյա Մարգարյանն առաջարկել է այդ օրը հրապարակ գնալու փոխարեն հավաքվել Եռաբլուրում։
Նման տեքստերով հանդես են եկել զոհված զինծառայողների տասնյակ այլ հարազատներ։
Հիշեցնենք՝ կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 21-ին սպասվում է Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված «գունագեղ ու մասշտաբային միջոցառում»՝ նշելով, որ միջոցառումը նախեւառաջ նվիրվելու է Հայաստանի անկախության եւ Արցախի համար զոհված նահատակների հիշատակին։ Փաշինյանի խոսքերը քննադատությունների մեծ ալիք են բարձրացրել։