Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը հայտարարել է հոկտեմբերի 17-ին Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցության մասին` «Հայրաքաղաք» դաշինքով, որում ներկայացված են Ռամկավար Ազատական եւ «Ժառանգություն» կուսակցությունները։ Ըստ Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառման՝ ցուցակը կգլխավորի հենց ինքը, ցուցակում երկրորդը Հովիկ Կարապետյանն է, երրորդը՝ Հասմիկ Պետրոսյանը:
Հանրապետական կուսակցության՝ Գյումրու ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորելու է ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար Արտյոմ Ղուկասյանը:
Իշխող «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանն է։
Գյումրիի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ նորաստեղծ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը: 42 հոգանոց ցուցակը գլխավորում է Վարդգես Սանոսյանը: Գյումրին արդեն ինը տարի ղեկավարող Սամվել Բալասանյանն ընտրացուցակում ընդգրկված չէ։
Ընտրություններին մտադիր է մասնակցել նաեւ «Գյումրին կռնա» նորաստեղծ դաշինքը։