Moderna Inc. ընկերությունից Reuters գործակալությանը հայտնել են, որ զարգացման փուլում է նոր պատվաստանյութ։ Այն համատեղում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի խթանիչ դոզան եւ գրիպի դեմ փորձարկվող պատվաստանյութը եւ նախատեսված է սուր շնչառական (ռեսպիրատոր) սինցիտյալ վիրուսային հիվանդությունների (RSV) եւ այլ շնչառական ախտերի դեմ՝ ներարկման տարեկան հաճախությամբ:
«Մենք կարծում ենք, որ սա շատ լավ հնարավորություն է, եթե կարողանանք շուկա բերել բարձր արդյունավետության համա-ռեսպիրատոր տարեկան խթանիչ»,- ասում է Moderna-ի գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը՝ ներդրողներին ներկայացնելով դեղամիջոցի հետ կապված նոր զարգացումները: «Հավատում ենք, որ Moderna-ն շուկայում առաջինը կներկայացնի նոր ու կարեւոր այս հնարավորությունը»։
Ընկերությունն անցկացնում է RSV պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներ մեծահասակների շրջանում:
Ըստ վերլուծաբանների եւ առողջապահության ոլորտի ներդրողների, Moderna-ն, Pfizer Inc-ը եւ գերմանական պատվաստանյութերի գործընկեր Biontech SE- ն արդեն վաստակել են միլիարդավոր դոլարներ Covid-19 խթանիչի արտադրությունից: Դրան ավելանում է նաեւ գրիպի եւ այլ հիվանդություններից հետագայում ակնկալվող շահույթը: Սեպտեմբերի 10-ի դրությամբ Moderna-ի բաժնետոմսերը աճել են 6,2% -ով:
Դեղագործական ընկերությունն արդեն զարգացնում է գրիպի մի քանի պատվաստանյութեր:
Ըստ Oppenheimer & Co ընկերության վերլուծաբան Հարթայ Սինխի՝ համակցված պատվաստանյութերի կլինիկական փորձարկումը, որ հավանաբար կսկսվի առաջիկա 6-12 ամիսների ընթացքում, դրական անակնկալ էր ներդրողների համար:
«Հարց է առաջանում, երբ համաճարակն ավարտվի, որքան է լինելու պատվաստանյութերի ընդհանուր վաճառքը եւ որքանով կարող է Moderna-ն ընդլայնել այդ շուկան»,- ասում է Սինխը:
Moderna-ն նաեւ նոր տեղեկություններ է տվել իր պատվաստանյութերի փորձարկումների մասին։ Դրանցից մեկը նախատեսված է 6 ամսականից մինչեւ 11 տարեկան երեխաների համար՝ 50 միկրոգրամային մանկաբուժական բաղադրաչափով։ Փորձարկումներում ներգրավված են 4000 երեխաներ:
Moderna-ի պատվաստանյութը, որը դեկտեմբերին երկու 100 միկրոգրամանոց բաղադրաչափով 18 եւ բարձր տարիք ունեցող մարդկանց համար Միացյալ Նահանգներում արագ կիրառման արտոնություն ստացավ, ներկայում վերանայվում է FDA-ի (Food and Drug Administration) կողմից՝ դեռահասների պատվաստման համար:
Պատրաստեց Կարինե Դավոյանը