Ռուսաստանյան խաղաղապահ անձնակազմի նոր հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Նոր հրամանատարին Հասանովին է ներկայացրել խաղաղապահ զորախմբի արդեն նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, որն այդ նպատակով Մախաչկալայից մեկնել է Բաքու: Կողմերը քննարկել են իրադրությունը ռուս խաղաղապահների տեղակայման շրջանում։
Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օրեր առաջ էր հանդիպել ռուսաստանյան խաղաղապահ անձնակազմի նոր հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովի հետ։ Ռուստամ Մուրադովը եւս ամփոփիչ այց էր կատարել հայկական պաշտպանական գերատեսչություն: Սեպտեմբերի 7-ին Մուրադովի մասնակցությամբ գերիների փոխանակություն տեղի ունեցավ։ Այնուհետեւ Մուրադովը մեկնել էր Մախաչկալա։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նա դրական է գնահատել տարածաշրջանում ռուսաստանյան խաղաղապահների աշխատանքը։
Դժգոհություններ Ադրբեջանում
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան զորախմբի նոր հրամանատարի՝ գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովի նշանակման մասին լուրը Ադրբեջանում վերապահությամբ են ընդունել։ Գլխավոր պատճառը Կոսոբոկովի կենսագրությունն է։
Վերջին տարիներին Կոսոբոկովը հասցրել է ծառայել հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ պաշտոնական Մոսկվան նախապատվությունը տվել է ոչ թե տարածքային ամբողջականությանը, այլ ազգերի ինքնորոշման սկզբունքին։
Գեներալ Կոսոբոկովը նախկինում պաշտոնավարել է Ղրիմում՝ որպես Սեւծովյան նավատորմի կազմում գործող բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ։
Դրանից առաջ՝ 2015-2017 թվականներին, նա Աբխազիայում տեղակայված 7-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարն էր։ Մինչեւ վերջերս էլ Միխայիլ Կոսոբոկովը Ռուսաստանի Զինված ուժերի 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալն էր։ Իսկ 58-րդ բանակի ստորաբաժանումները տեղակայված են Հյուսիսային Կովկասում, ինչպես նաեւ մեկ այլ վիճելի տարածաշրջանում՝ Հարավային Օսիայում։
Նշանակումից ադրբեջանական կողմը չի՞ շահի
Այս ամենը հաշվի առնելով՝ թերեւս բնական է, որ ադրբեջանցի ընդդիմադիր ու իշխանամետ գործիչները խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնում Կոսոբոկովի նշանակումն առանց ոգեւորության ընդունեցին:
«Կհանդգնեմ ենթադրել, որ անջատական Աբխազիայում գտնվող ռազմաբազայի նախկին հրամանատարի նշանակումը մեզ մոտ հավանության չի արժանացել»,- Ֆեյսբուքում գրել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։
Գերմանիայում բնակվող ընդդիմադիր լրագրող, նախկին քաղբանտարկյալ Աֆղան Մուխտարլին եւս վստահ է, որ Կոսոբոկովի նշանակումից ադրբեջանական կողմը հաստատ չի շահի։
Խաբուսիկ տպավորությո՞ւն, թե՞ օրինաչափություն
«Գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը նախկինում «խաղաղություն էր» հաստատում Վրաստանի տարածք Աբխազիայում։ Այժմ նրան նշանակել են Ղարաբաղում ռուսաստանյան ռազմաբազայի հրամանատարի պաշտոնում։ Կոսոբոկովին արդեն ընդունել է Հայաստանի Պաշտպանության նախարարը։ Դրա մասին մենք տեղեկացել ենք հայկական եւ ռուսական կայքերից։ Ու թեեւ Կոսոբոկովի բազան Ադրբեջանի տարածքում է, նա գերադասում է հանդիպել հայ նախարարի հետ,- գրել է Մուխտարլին: Նա հավելել է, թե տպավորություն է ստեղծվում, որ հրամանատարի նշանակման ժամանակ Ռուսաստանը հաշվի է առնում Հայաստանի, ոչ թե Ադրբեջանի տեսակետը։
Մեկ այլ ադրբեջանցի ընդդիմադիր՝ Ցյուրիխում բնակվող լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Կոսոբոկովի եւ Հայաստանի Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպման լուսանկարը՝ կարճ գրառմամբ. «Ոմանք կասեն, որ ավելի վատ չի լինում։ Սեփական փորձից ելնելով կարող եմ ասել՝ լինում է»։
Զորավարժությունների վայրի ընտրությունը պատահական չէ
Ռուսաստանի գործողությունները Բաքվում փորձում են հակակշռել Թուրքիայի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների հետագա խորացմամբ: Լաչինի շրջանում շարունակվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։ Լաչինի, որպես զորավարժությունների անցկացման վայրի ընտրությունը պատահական չէ. Բաքուն մտավախություն ունի, որ իրադրության հնարավոր սրման դեպքում Հայաստանը նած եւ առաջ կփորձի կրկին լիակատար վերահսկողություն սահմանել «Լաչինի միջանցքի» նկատմամբ։
Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիեւն էլ հայտասրարել է, թե Թուրքիայի Զինված ուժերի չորս գեներալներ ընդգրկվել են Ադրբեջանում գործող Հրամանատարական հատուկ խմբի կազմում։ Թուրքական Yeni Safak օրաթերթն ավելի վաղ բացահայտել էր այդ գեներալների ինքնությունը։
Դիտարկելով հարաբերությունների համատեքստում
Ադրբեջանում գործող Հրամանատարական հատուկ խումբն, ըստ Yeni Safak-ի, ղեկավարելու է գեներալ Բահտիյար Էրսայը, խմբի շտաբը կառավարելու է մեկ այլ գեներալ՝ Էնդեր Գյուները։ Բաքու են գործուղվել նաեւ գեներալներ Աբդուլա Գաթըրջին եւ Զաքարիա Յալչինը։ Վերջինը զբաղեցնելու է Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդի պաշտոնը։
Թուրք գեներալների՝ Բաքու ժամանելու մասին լուրը հաստատում է նաեւ ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը՝ թուրքական ռազմական ներկայության ընդլայնումը դիտարկելով նախեւառաջ ռուս-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում։
«Մոսկվան պետք է ըմբռնումով մոտենա Լաչինի շրջանում թուրք եւ ադրբեջանցի հատուկ ջոկատայինների զորավարժություններին, ինչպես նաեւ չորս թուրք գեներալների ժամանմանը Բաքու։ Հայաստանն իր դաշնակիցն ունի, Ադրբեջանը՝ իր։ Դա պետք չէ ընկալել որպես երկուսը ընդդեմ երկուսի ձեւաչափով հակամարտության մեջ մտնելու հրավեր, սակայն իրողություններն անտեսել չի կարելի»,- նշել է ադրբեջանցի պատգամավորը։