Eurasianet-ի հեղինակ Լորենս Բրոերսն անդրադարձել է Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո հակամարտության գոտում եւ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին եւ առհասարակ Բաքվի ծավալապաշտական նկրտումներին ու իռեդենտիզմին*։
*irredentist-ը 1878-ին կազմակերպված Իտալական քաղաքական կուսակցության անդամն է, որը ձգտում էր Իտալիային վերադարձնելու հիմնականում իտալացիներով բնակեցված, բայց արտաքին վերահսկողության տակ գտնվող հարակից շրջանները: Այժմ օգտագործվում է «նախկինում իր երկրի մի մաս կազմող տարածքի վերադարձի հավակնության քաղաքականությունը պաշտպանող անձ» իմաստով: Իռեդենտիզմը դիվանագիտական տեսության մեջ օգտագործվող եզր է։ irredentism-ը Բոստոնում հրատարակված բառարանում բացատրված է «հետադարձականություն» բառով [ծնթ․ Կ․Դ․]։
Ընդարձակված Ադրբեջա՞ն․․․
Տասնամյակներ շարունակ Ադրբեջանը դատապարտում էր հայկական իռեդենտիզմը՝ հետադարձականությունը: Այժմ նա առաջ է քաշում սեփական ծավալապաշտական նկրտումները, քանի որ ձգտում է խաղաղություն պարտադրելու իր պայմաններով:
Ընդարձակված Ադրբեջանի պատկեր. Շեկի համայնքային կենտրոնի պատին ամրացված գործված քարտեզը ցույց է տալիս Բաքվի տարածքային պահանջները (լուսանկարը` Լորենս Բրոերսի)։
Ղարաբաղյան վերջին պատերազմը գուցեեւ ավարտվել է նոյեմբերին, բայց հայ-ադրբեջանական հակամարտությունը դեռ շարունակվում է:
Երկու պետությունների միջեւ հետպատերազմյան հարաբերությունները ծայրաստիճան բեւեռացված են մնացել մի քանի խնդիրների շուրջ՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների տեւական դատավարություններից մինչեւ ականներից մահացած ադրբեջանցիները:
Ռազմական ոլորտում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ նախկին շփման գիծը բնութագրող դինամիկան այժմ վերարտադրվում է միջազգայնորեն ճանաչված հայ-ադրբեջանական սահմաններով:
Այս զարգացումների քաղաքական ենթատեքստում դրված են Ադրբեջանի՝ սեփական պայմաններով խաղաղություն պարտադրելու ջանքերը:
Բաքուն ձգտում է խուսափելու 1990-ականների Երեւանի փորձը կրկնելուց, երբ հաղթող կողմը, այն ժամանակ՝ Հայաստանը, չկարողացավ ամրապնդել հաղթանակը՝ իր համար բարենպաստ խաղաղության պարտադրելով:
Հայաստանի հետ դեռեւս ռազմական եւ քաղաքական խառնաշփոթ իրավիճակ, մարգինալացված ԵԱՀԿ Մինսկի խումբ․ երբեք ավելի լավ ժամանակ չի լինի, քան հիմա, որպեսզի Բաքուն պարտադրի խաղաղության իր տեսլականը: Այդ պատճառով նա կոչ է անում բանակցություններ սկսելու խաղաղության պայմանագրի շուրջ:
Ադրբեջանի խաղաղության տեսլականն, այնուամենայնիվ, անհնար է դարձնում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ վիճարկվող հարցերի համապարփակ լուծումը:
Բանակցություններ վարելու կոչերը, որոնք միեւնույն ժամանակ ուղեկցվում են հարկադրանքով, վկայում են, որ Բաքուն ցանկանում է որոշել ոչ միայն բանակցային սեղանի ձեւաչափը՝ հնարավորիս նեղ եւ առանց Մինսկի խմբի, այլ նաեւ բանակցության օրակարգը:
Ադրբեջանի համար կարեւորն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը հակամարտության հիմնական խնդիրն է, դուրս մնա բանակցային սեղանից, եւ Բաքուն ամբողջ տարածքում չմիջնորդավորված կառավարում իրականացնի:
Տարածքային պահանջներ
Այս զարգացումների հետնապատկերին առաջ են գալիս մի շարք ադրբեջանական տարածքային պահանջներ, որոնք, մայիսից սկսած, ինտենսիվորեն աճում են: Սա նախ եւ առաջ վերաբերում է Հայաստանի՝ երկու պետությունների միջեւ միջազգային սահմանի երկայնքով անցնող որոշ տարածքներին, որտեղ մայիսի սկզբից տեղակայվել են ադրբեջանական զորքերը:
Պահանջների մեկ այլ խումբ էլ վերաբերում է խորհրդային ժամանակաշրջանի մի շարք անկլավների։ Հայաստանում կա երեք ադրբեջանական անկլավ, մեկն՝ Ադրբեջանի տարածքում:
«Լայնարձակ ադրբեջանիզմից» դեպի «ընդարձակված Ադրբեջա՞ն»
Տասնամյակներ շարունակ Ադրբեջանը դիրքավորվել է որպես տարածքային անարդարության զոհ՝ 1992-1994-ին իր հողերի բռնազավթման եւ էթնիկ զտումների հետևանքով, որն Ադրբեջանը համարում էր հայկական իռեդենտիզմ: Այժմ ամեն ինչ շրջվել է, եւ ադրբեջանցի մտավորականները տարածում են նույնատիպ տարածքային էքսպանսիոնիստական պատկերներ եւ անում իռեդենտիստական արարքներ, ինչն իրենք տարիներ շարունակ դատապարտում էին:
Երկրորդ հակադարձումը վերաբերում է Ալիեւի դարաշրջանի «ադրբեջանիզմ» հիմնարար ազգային հայեցակարգից նահանջին:
Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւը 1990-ականների կեսին շրջանառության մեջ է դրել «ադրբեջանիզմը» իբրեւ հայեցակարգ, ըստ որի՝ ադրբեջանական պետականության հիմքը քաղաքացիությունն է Ադրբեջանի Հանրապետության սահմաններում:
Հետեւաբար, ադրբեջանիզմը հիմնվում է տարածքային ամբողջականության վրա՝ որպես պատասխան էթնիկ հայերի անջատողականությանը: Ադրբեջանական պետականությունը սահմանելով քաղաքացիության առումով, այլ ոչ թե էթնիկ ինքնությամբ՝ ադրբեջանիզմը նաեւ մեղմացնում էր տարածաշրջանային մտահոգությունը՝ մինչեւ Իրան ձգվող «Մեծ Ադրբեջանի» իռեդենտիստական պատկերների եւ հռետորաբանության կապակցությամբ, որը հիմնականում Հեյդար Ալիեւի նախորդի՝ Աբուլֆազ Էլչիբեյի գաղափարախոսությունն էր:
2000-ականների վերջին Ադրբեջանն «իր տարածքում ապրող քաղաքացիների պետություն» գաղափարախոսությունը որպես մարտահրավեր նետեց քաղաքական դիսկուրս, որով տարածքային պահանջ էր ներկայացվում Հայաստանի Հանրապետությանը՝ որպես ադրբեջանական «նախնիների հողեր»:
Դա արտացոլվում է ադրբեջանական պատմագրական ավանդույթում, որը պատկերում է 1813-1828 թվականների ընթացքում տարածաշրջանի ռուսական նվաճումը՝ որպես Ադրբեջանում հայ բնակչության եւ մշակույթի ներկայության մեկնարկ, եւ ժամանակակից Հայաստանում՝ քարտեզագրության մեջ թյուրքական տեղանունների՝ հայկականով փոխարինման ավանդույթի սկիզբ:
Այս ավանդույթները Ադրբեջանի քաղաքացիներին պատրաստում են ադրբեջանական հողերի անօրինական զավթման ոսպնյակի միջով դիտարկելու ոչ միայն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, այլեւ ժամանակակից հայկական պետությունն իր ամբողջությամբ:
Իմ «Հակամարտության անատոմիան» գրքում այս միտումն անվանել եմ «լայն ադրբեջանիզմ»:
Վերջին հռետորաբանական եւ քաղաքական քայլերը ենթադրում են, որ հավանաբար հատվել է գիծը, եւ առաջ է եկել ադրբեջանական տարածքաբանության նոր գործընթաց՝ «ընդարձակված Ադրբեջան», որն իր հայացքն ուղղել է ոչ թե Իրանի հարավ, ինչպես նախատեսում էր Էլչիբեյի «Մեծ Ադրբեջանը», այլ դեպի արեւմուտք՝ Հայաստան:
Իռեդենտիստական երեւակայության գրավչությունը
Ինչու է Ադրբեջանը, որը երկար ժամանակ դիրքավորվել էր որպես իռեդենտիզմի զոհ, վերարտադրում նույն քաղաքականությունը անմիջապես 2020-ի հաղթանակից հետո:
Ներկա համատեքստում Ադրբեջանի պահանջը Զանգեզուրի նկատմամբ առաջին հերթին սակարկության ռազմավարություն է` դրդելու Հայաստանին հրաժարվել Ղարաբաղում ապրող հայերի ճակատագրում ունեցած իր դերից:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայկական դիսկուրսին՝ Ադրբեջանի Զանգեզուրի դիսկուրսը նույն կերպ հարց է բարձրացնում խորհրդային վաղ շրջանի տարածքների տեղաբաշխման որոշումների վերաբերյալ:
Այն կարող է նաեւ մատնանշել 19-րդ դարի մահմեդական մեծամասնության, մինչեւ 1980-ականները ժողովրդագրականորեն կենսունակ տեղական ադրբեջանական համայնքի եւ նրանց հարկադիր տեղահանման դերը ժամանակակից Հայաստանի հարավային շրջանի՝ որպես բացարձակ հայկական տարածքի վերակառուցման գործում:
Հետեւաբար դա հետադարձ իռեդենտիզմ է, որը կենտրոնացած է 1980-ականների վերջին տեղահանված բնակիչներին վերադարձնելու վրա: Զանգեզուրի ադրբեջանցիները Խորհրդային Հայաստանի ադրբեջանական տեղահանված համայնքի միայն մի մասն են, փոխադարձաբար տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղից դուրս բնակվող Խորհրդային Ադրբեջանի հայ համայնքի վտարումը, ավելի քան կես միլիոն մարդ վտարվել է երկու կողմից:
Այսպես՝ Ղարաբաղը Զանգեզուրին հակադրելը նշանակում է համազորություն երկու հստակ, սեփական բազմաբնույթ պատմություններով հարուստ տարածքների միջեւ, այսինքն՝ կոպիտ աշխարհաքաղաքական գործարք․ հրաժարվե՛ք Ղարաբաղից, եւ մենք Զանգեզուրի վերաբերյալ մեր պահանջները կդադարեցնենք:
Տարիներ շարունակ Ադրբեջանը բարձրացնում էր միջազգային իրավական փաստարկներ Լեռնային Ղարաբաղի համատեքստում եւ եվրատլանտյան դերակատարներին մեղադրում կեղծավորության մեջ․ ընտրողական մոտեցում, թե որի տարածքային ամբողջականությունն է իրականում կարեւոր:
Զանգեզուրի հարցը բարձրացնելն ուղղակիորեն հակասում է այդ փաստարկներին եւ փոխարենը ենթադրում, որ տարածքային ամբողջականության իրենց պատկերացումն այլ է:
Ավելի երկարաժամկետ հեռանկարում, քանի որ Ադրբեջանի քաղաքական էլիտան մոտենում է իր կառավարման չորրորդ տասնամյակին, էթնո-ազգայնականության խթանումը կարող է նաեւ մեկնաբանվել որպես ազգայնական լեգիտիմության հայտ` իր շարունակական կառավարման հենարան: Եթե այդպես է, ապա քիչ հավանական է, որ կտեսնենք հայերի նկատմամբ Ադրբեջանի անտագոնիստական մոտեցումների պակաս: Էթնո-ազգայնականությունը կարիք ունի «ուրիշների», որոնց դեմ պետք է ինքն իրեն դրսեւորի եւ, դրան հակառակվելով, ձեւավորի լեգիտիմություն եւ սոցիալական մոբիլիզացիա:
Վերջապես, իռեդենտիստական պատկերները, որոնք միտքն ու հայացքը պահում են Հայաստանի վրա, ծառայում են նաեւ հակամարտության հայեցակարգավորմանը՝ որպես երկու պետությունների միջեւ սահմանի կարգավորմամբ զբաղվող միջպետական կոնֆլիկտ:
Թեեւ սա 2020-ին նախորդող երկու տասնամյակների ընթացքում հակամարտության հանդեպ գերիշխող տեսակետն էր, պատերազմի արդյունքը վերացրեց հայկական կողմի իռեդենտիստական մոտեցումը: Սա հիմնականում հաստատվեց 2021-ի հունիսին Հայաստանի ընտրությունների արդյունքով, որը կարելի է մեկնաբանել որպես հայկական ընտրազանգվածի կողմից ռեւանշիզմի մերժում:
Առանց իռեդենտիզմի, մնացածը հակամարտության անջատողականության կողմն է՝ նոր ձեւերով առաջ մղելով պետության ներսում առկա մեծամասնություն-փոքրամասնություն հարաբերությունների խնդիրը, մասնավորապես Ղարաբաղի հայերի եւ ադրբեջանական պետության միջեւ ապագա հարաբերությունները:
1990-ականներին եւ 2000-ականներին հայերի պայքարը հիմնականում իրենց ինքնորոշման համար էր: Սակայն դրա թիկունքում կար նաեւ տարածքային արդյունք, մասնավորապես Ղարաբաղյան առաջին պատերազմում Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական շրջանների գրավումը: Ինքնորոշման հայկական գործոնն այժմ կարտահայտվի բավականին տարբեր պայմաններում. Ադրբեջանի գործողությունը 2020-ի պատերազմում, անկասկած, հաջողությամբ վերջ դրեց տարածքների գրավմանը: Ադրբեջանի կողմից Զանգեզուրի վերածնունդը կարծես անկնկալում է մի շարք պահանջներ՝ շեշտը դնելով միջպետական, այլ ոչ թե մեծամասնություն-փոքրամասնություն հարաբերությունների վրա՝ իբրեւ հակամարտության կիզակետ պահպանելով իռեդենտիզմը, քան ինքնորոշման հարցը:
Լորենս Բրոերսը (Laurence Broers) Լոնդոնում գործող խաղաղության կառուցման կազմակերպությանն առընթեր Հաշտեցման ռեսուրսների ծրագրի Կովկասի գծով տնօրենն է, տարածաշրջանի, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ մի շարք գրքերի հեղինակ:
Պատրաստեց Կարինե Դավոյանը