Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման հնարավորությանը վերաբերող հարցը, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշված չի համարում
Դեսպանն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները, որպես Մինսկի խմբի համանախագահ, անում է ամեն ինչ կողմերին Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար, քանի որ կարծում է, որ խաղաղության եւ անվտանգության այդ հիմնախնդիրները պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհով:
«Պետքարտուղար Բլինքենը տարբեր առիթներով շատ հստակ շարադրել է մեր այս հանձնառությունը: Դա, իհարկե, շատ բարդ խնդիր է: 30 տարվա պատերազմի եւ լարվածության իրավիճակը չի կարող հանգուցալուծվել մեկ գիշերում: Այդուհանդերձ, մենք հասկանում ենք, որ կան որոշ հիմնախնդիրներ, որոնք պետք է լուծվեն, եւ դրանցից մեկը, ինչպես նախկինում եմ ասել, այն է, որ մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված չենք համարում, ուստի այդ հարցը կշարունակենք պահել Մինսկի խմբի օրակարգում»,- շեշտել է դեսպան Թրեյսին: