Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ 5 հասցեում գտնվող վթարային շենքը անցնող-դարձողին հիշեցնում է քաղաքի դեռեւս չսպիացած վերքերը։
Գալստյան Ժանետան Տիգրան Մեծ 5 հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շնքի առաջին մուտքի միակ բաց դռնով տան տիրուհին է։ Ապրում է երկու անչափահաս թոռների հետ։ Հարսն ու տղան արտասահմանում են՝ կորսված առողջությունը վերագտնելու հույսով։ Ոչ վաղ անցյալում տիկինը հարեւաններ ուներ, մուտքում 7 ընտանիք էին բնակվում, շփվում էին, լավից-վատից ապրում։
2012 թվականին ուժեղ տեղումներին շենքն այլեւս չդիմացավ, տանիքից թափված քարն ու փայտը խառնեցին հարկերի սահմանագծերը՝ անհնարին դարձնելով ապրելը ։
«Ով կարող էր, գնաց վարձով ապրելու, ես ինչո՞վ գնամ»,- հարցնում է ընտանիքի միակ կերակրող, թոշակառու տիկին Ժանետան։
Ամառը մի կերպ ապրում են, քանի ձմեռը մոտենում է, կնոջ վախերը մեծանում են։ Մի ուժեղ բուք, ձյան մի փոքր շերտ եւ ընտանիքը կզրկվի առանց այդ էլ խարխուլ ծածկից։
Սանհանգույցի ու բաղնիքի մասին վաղուց են մոռացել։ Սենյակների դռները փակել են, համեմատաբար ամենաանվտանգ սենյակում գոյատեւում են՝ քնում, զարթնում, լողանում, ուտում։
Տիկին Ժանետան ուղեկցում է երկրորդ հարկ, ուր հասնելու համար լեռնագնացի հմտություններ են պահանջվում։ Վախը հաղթահարելով առաջ ենք գնում։ Բացում ենք դուռն ու հայտնվում բաց երկնքի տակ՝ ճոճվող հատակին։
«Շատերին ենք տեսել, շատ խոստումներ ենք լսել, բայց օր-օրի ավելի անհնարին է դառնում այստեղ ապրելը»,- ասում է տիկինն ու խնդրում «աթոռին նստածներին» գոնե մեկ գիշեր անցկացնել այս շենքում։
Հաջորդ մուտքի առաջին հարկում ահուդողով, ապրում է Վարդերեսյանների հինգ հոգանոց ընտանիքը։ Տան մեծ հայրը՝ Մկրտիչ Վարդերեսյանը ամբողջ գիտակցական կյանքում շինարարությամբ է զբաղվել, կառուցել է այլոց տները՝ հույսով, որ մի օր էլ ինքը կունենա շեն ու ապահով տուն։ Որպես շինարար սրտնեղում է, որ քաղաքի ուղիղ կենտրոնում գտնվող հարյուրամյա շենքը օր-օրի քանդվում ու քայքայվում է։
Երկրաշարժից հետո այսքան ավերակ չէր նրա հայրական տունը, տարիների ընթացքում է վթարայնության աստիճանը երկրորդ կարգից երրորդ, հիմա էլ ՝ չորրորդ կարգի հասել։ Երկրաշարժն այնքան անողոք չէր, որքան մարդկային անտարբերությունը։ Մեծ մեքենաների դղրդյունից մուտքերը տեղաշարժվում են՝ անհնարին դարձնելով դռների բացվել-փակվելը։
«Ընտրություններ են դիմացը, վաղը կհավաքվեն, խումբ-խումբ թանկարժեք մեքենաներով կգան՝ քվե կուզեն, խոստանալով, որ շուտով մեր մարդավարի ապրելու ժամանակը կգա։ Կգան-կգնան ու այլեւս երբեք չենք տեսնի ոչ մեկին»,- ասում է վարպետ Մկրտիչը։
Վարդերեսյանների տան տիկինը խոհանոց ու բաղնիք կոչվող կիսաքանդ սենյակներն է ցույց տալիս, հյուրասենյակի գոգավորված առաստաղն ու հարց է ուղղում՝ մի՞թե այս դարում սա մարդկային է, մի՞թե չեն խղճում մեզ, ինչքա՞ն կարելի է սարսափով ապրել։
2019 թվականին ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը խոստացել էր լուծում տալ խիստ վթարային 4 բնակելի շենքերի բնակիչների բնակարային խնդրին։ Տիգրան Մեծ 5-ը դրանցից մեկն է։ Համավարակն ու պատերազմը, սակայն, հերթական անգամ հետաձգեցին շենքի ամրացումը։
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը 2021 թվականի համար կրկին հուսադրող լուրեր չունի։ Վարչության պետ Ալբերտ Մարգարյանն ասում է, որ Տիգրան Մեծ 5-րդ շենքում պետական միջոցներով նախատեսված է ամրացման աշխատանքներ, ընթացիկ տարում 16 միլիոն դրամի հատկացման նախագիծ է ներկայացվել, որը դեռ չի հաստատվել, գումարը եկող տարի միայն կհատկացվի։
Շիրակի մարզում 1988 թվականի երկրաշարժի հետեւանքով կա 114 վթարային շենք, որից 13-ը՝ չորրորդ կարգի վթարայնության։ Վթարայիններից 92-ը Գյումրիում է, 22-ը՝ մարզի քաղաքային եւ գյուղական այլ բնակավայրերում։ Անմարդկային այս պայմաններում Շիրակի մարզում դեռեւս ապրում է 2221 ընտանիք։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։