ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ սեպտեմբերի 12-ին՝ 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող նախկին Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի եւ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
Ադրբեջանի ՊՆ-ն, նախքան այս գործողությունները, սեպտեմբերի 12-ին դիմել է ՌԴ պաշտպանության նախարարությանն ու խաղաղապահ ուժերի հրամանատարությանը, պնդելով, թե այլ երկրների տրանսպորտային միջոցները չեն կարող անօրինական կերպով անցնել «Ադրբեջանի տարածքով, որտեղ ժամանակավորապես տեղակայված է խաղաղապահ զորախումբը: Նման դեպքերը հակասում են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների եւ Հայաստանի վարչապետի ստորագրած եռակողմ հայտարարությանը»: Նրանք խնդրել են կանխել նման դեպքերը:
Ըստ Ադրբեջանի՝ «առանց Բաքվի համաձայնության ուրիշ երկրների իրավաբանական եւ ֆիզիկական անձինք եւ նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել Ադրբեջանի տարածք»: