ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Միջազգային կրոնական ազատություն եւ խաղաղություն» վերտառությամբ հեղինակավոր համաժողովում անգլերեն իր ելույթում հերթական անգամ անդրադարձել է Ադրբեջանի ցեղասպան եւ մշակութակործան քաղաքականությանը։
ՄԻՊ-ն ընդգծել է, որ ադրբեջանակական զինված ուժերը մարդկանց խոշտանգելուց, գլխատելուց եւ տանջելուց բացի, անարգել ու ոչնչացրել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին, Մատաղիսի Սուրբ Եղիշե եւ այլ հայկական եկեղեցիներ, Թալիշի, Հադրութի, Շուշիի եւ այլ հայկական խաչքարեր:
Արման Թաթոյանը շեշտել է, որ այդ ամենի պատճառը պետական հովանավորչությամբ ատելության ու թշնամանքի ադրբեջանական քաղաքականությունն է, որն էթնիկ պատկանելիությունից բացի ունի նաեւ կրոնական հիմք: Շատ են դեպքերը, երբ մարդկանց նկատմամբ դաժանությունների տեսանյութերում ադրբեջանական զինծառայողները գործում են կրոնական մոլեռանդության շարժառիթով:
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի պետությունը Հայաստանի ու Արցախի ամբողջ բնակչության նկատմամբ տանում է ցեղասպան քաղաքականություն էթնիկ եւ կրոնական հիմքերով»,- ընդգծել է ՀՀ ՄԻՊ-ն իր ելույթում: