Ադրբեջանցիները գողացել են Տեղ գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած Արցախի բնակիչներից մեկի «ՈւԱԶ»-ը։
Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը «Sputnik Արմենիային» հետ զրույցում հայտնել է, որ 3 օր առաջ Արցախից վերադարձող տղամարդն «ՈւԱԶ»-ով դաշտամիջյան ճանապարհին շփոթվել եւ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք է մտել` 100-200 մետր, այսպես ասած միջանցքի հատված։ «Հետո հասկացել է եւ փորձել մեր տարածք վերադառնալ, սակայն մեքենայի վառելիքը վերջացել է»,- պատմել է համայնքապետը։
Արցախցին մեքենան թողել է այդ տարածքում եւ վառելիք վերցնելու համար Տեղ համայնք շտապել։ Վերադառնալով հայտնաբերել է, որ մեքենան չկա, ադրբեջանցիները տարել են։
Շադունցը հայտնել է, որ դեպքի մասին տեղյակ են պահել ինչպես խաղաղապահներին, այնպես էլ սահմանապահներին։ Տղամարդը կրկին Արցախ է գնացել, եւ տեղյակ պահել այնտեղ գտնվող խաղաղապահներին։