Հակադարձելով ՆԱՏՕ-ի ղեկավարության բազմիցս հնչեցրած միտքը, թե ՆԱՏՕ-ի դռները «բաց են Վրաստանի համար», Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՆԱՏՕ-ի ղեկավարությանը խորհուրդ է տվել խոսքեր չշռայլել, քանի որ նրանք արդեն քաջ գիտակցում են. Ուկրաինայի եւ Վրաստանի՝ ակնկալվող մուտքը ՆԱՏՕ հեռանկարից զուրկ մտադրություն է, «ճանապարհ դեպ առ ոչինչ»:
ՌԴ արտգործախարարը մատնանշել է 2008-ի Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված ՆԱՏՕ-ի Հռչակագրի եւ նույն տարվա օգոստոսին ռուս-վրացական պատերազմի միջեւ կապը: Ըստ Լավրովի՝ ՆԱՏՕ-ի որոշումը «վատ է անդրադարձել» այն ժամանակ Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Միխեիլ Սաակաշվիլու վրա:
«Սա նրան հոգեբանական առումով մի փոքր շեղեց, պատրանք ստեղծեց, թե ՆԱՏՕ-ն այժմ պայքարելու է նրա համար, հետ է վերցնելու այն հողերը, որոնք նա կեղեքում էր»,- հավելել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
2008-ի ապրիլին՝ Բուխարեստի գագաթնաժողովում, Հյուսիսատլանտյան դաշինքն ընդունեց քաղաքական հայտարարություն, որով Ուկրաինան եւ Վրաստանը ժամանակի ընթացքում պետք է դառնան ՆԱՏՕ-ի անդամ: 2011-ին Վրաստանը ստացավ «ՆԱՏՕ-ի ասպիրանտի» կարգավիճակ: 2014-ին Ուելսի գագաթնաժողովը հաստատեց միջոցառումների փաթեթը, որը Վրաստանին պիտի օգներ Դաշինքին անդամակցելու հարցում:
Ռուսաստանը կտրականապես դեմ է ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության ամրապնդմանը եւ դեպի իր սահմաններն այդ դաշինքի ընդլայնմանը: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Վրաստանի ռազմականացման ուղղությամբ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մյուս անդամների ջանքերը հատկապես մտահոգիչ են տարածաշրջանում: Ավելին, դա չի ամրապնդում Վրաստանի անվտանգությունը:
Նշենք, որ «ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի» (IRI) վերջին հետազոտությամբ՝ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելուն աջակցում է երկրի բնակչության շուրջ 80%-ը: