Ժամանակակից աշխարհում հաճախ կարելի է լսել «ցկյանս կրթություն» արտահայտությունը։ Այն անձի շարունակական, կամավոր բնույթ կրող ուսումնառությունն է ողջ կյանքի ընթացքում՝ ինքնազարգացման, աշխարհի փոփոխվող պայմաններին հարմարվելու նպատակով։ «Սա Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության առաջնահերթություններից է, սակայն մենք այս թեմայի մասին շատ քիչ ենք խոսում»,-ասում է բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ ՍամվելԿարաբեկյանը, որն ի դեպ առաջարկում կիրառել «կենատեւ (lifelong) կրթություն» եզրույթը։
Ցկյանս կրթության գաղափարն առաջացել է 1970-ականներին՝ միջազգային երեք կառույցների նախաձեռնությամբ։ Դրանք են Եվրոպական խորհուրդը, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը եւ Միավորված ազգերի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն։
Ցկյանս կրթության իրականացման ձեւերը
Ցկյանս կրթությունն իրականացվում է երեք եղանակով՝ ֆորմալ, ոչ ֆորմալ, ինֆորմալ։ Սամվել Կարաբեկյանը նշված տեսակներն այսպես է մեկնաբանում՝ կրթություն, որը հանգեցնում է որեւէ ֆորմալ աստիճանի, օրինակ, համալսարանում սովորելով կարելի է ստանալ, ասենք, մագիստրոսի կրթական աստիճան։
Ոչ ֆորմալի մեջ մտնում են կրթական այն ծրագրերը, որոնք ֆորմալ կրթական աստիճանի չեն հանգեցնում։ Օրինակ՝ կարելի է գնալ լեզվի կենտրոն ու սովորել արաբերեն, բայց սրա արդյունքում մարդը արաբերենի մասնագետ կամ արաբագետ չի դառնա, այսինքն՝ կրթական աստիճան չի ստանա։ Ցկյանս կրթության ֆորմալ ու ոչ ֆորմալ տարբերակներին միավորում է այն, որ անձը որոշակի նպատակ է հետապնդում։
Երրորդ՝ ինֆորմալ կրթության պարագայում անձը հստակ սահմանված նպատակ չունի։ Ինֆորմալ կրթության մեջ մտնում է այն ամենը, ինչ մենք սովորում կամ իմանում ենք առօրյայում՝ մեր միջավայրից, շրջապատից եւ այլն։
Ցկյանս կրթությունը Հայաստանում
«Թե որքանով է կենատեւ կրթությունն իրականացվում մեզ մոտ, կախված է մեր մոտեցումից։ Եթե խոսում ենք ինֆորմալ կրթության մասին, այն, իհարկե, գործում է․ մենք ապրում ենք, անընդհատ տեղեկություններ ենք ստանում, հատկապես այս ժամանակաշրջանում համացանցից շատ նորություններ ենք իմանում ու այսպես շարունակ»,- ասում է Սամվել Կարաբեկյանը։
Մյուս երկու տեսակները, քանի որ նպատակի առկայության հետ են կապված, խրախուսման, զարգացման կարիք ունեն։ Եթե անձը նպատակ ունի ինչ-որ բան սովորելու, կրթական համակարգը պիտի դրա հնարավորությունը տա։ Աշխարհում տարածվում է «կենատեւ համալսարան»-ի (lifelong university) գաղափարը, որտեղ սովորողը կարող է գալ ու ողջ կրթական ծրագրից վերցնել այն, ինչ իրեն հարկավոր է՝ կախված իր նպատակից։
Հայաստանում, սակայն, այս ոլորտը ճկուն չէ։ Այստեղ սովորողը պետք է ամբողջական ծրագրի մի կետից սկսի, մյուսով վերջացնի, կրթական ծրագիրը սեփական նպատակներին հարմարեցնելու հնարավորություն չկա։ Մյուս կողմից, ցկյանս կրթության հստակ սահմանված քաղաքականության մասին մեր երկրում դժվար է խոսել։ Բազմաթիվ խնդիրների մեջ խճճված առկա կրթական համակարգը համապատասխան միջավայր ստեղծել չի կարողանում։
Մյուս խնդիրն այն է, որ սովորելը Հայաստանում, ինչպես պարոն Կարաբեկյանն է ասում, դեռ կենսական կարիքների մեջ չէ, սովորելու մշակույթ չունենք, անհատական զարգացման նպատակադրությունը (personal enrichment) լայն տարածում չունի։ Հաճախ վերցնում ենք միջազգայնորեն տարածված կրթական գաղափարներ, օրինակ, քննադատական մտածողություն, բայց բովանդակությունը չենք բացում, չենք տեղայնացնում, եւ այն շրջանառվում է իբրեւ մի կաղապար։
«Մեզ այս հասկացության մեջ մտնող տարրերն է անհրաժեշտ ընկալել՝ սովորել ընտրել, սովորել գնահատել, սովորել զարգանալ, սովորել կարծիք ձեւավորել ու արտահայտել եւ այլն։ Առհասարակ մենք շատ անգամ բովանդակության փոխարեն վերցնում ենք ձեւը, բովանդակությունը չենք տեղափոխում մեր իրականություն, համապատասխան միջավայր չենք ստեղծում եւ արդյունքում վարկաբեկում ենք հենց գաղափարը»,- ասում է Սամվել Կարաբեկյանը։
«Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետում նշված է, որ գործազուրկների համար զբաղվածության պետական ծառայությունը պիտի մինչեւ վեց ամիս ժամկետով նախնական մասնագիտական պատրաստում եւ արհեստագործական ուսուցում իրականացնի: Ըստ Սամվել Կարաբեկյանի՝ այդպիսի քայլերն արվում են, բայց դրանք բավարար չեն։ Կա նաեւ հարցի մյուս կողմը․ եթե գործազուրկին առաջարկվի, օրինակ, ներկարարության դասընթաց, նա կարող է դրան արհամարհանքով վերաբերվել։
Ցկյանս կրթության միջազգային փորձը
Գերմանիայում կան հարատեւ ուսումնառությանն ուղղված ժողովրդական բարձրագույն դպրոցներ, որտեղ մարդիկ անվճար կարող են սովորել իրենց հետաքրքրող ցանկացած բան։
Ֆինլանդիայում աշխատում են մարդկանց հետ, ցույց են տալիս, որ նրանք ունեն կարողությունների բավական լայն շրջանակ եւ ներգրավում կրթական համակարգում։ Սա կապված է ոչ ֆորմալ, նաեւ ինֆորմալ կրթության արդյունքների ճանաչման հետ։
«Դուք կյանքի ընթացքում ձեռք եք բերում որոշակի փորձառություն, որը փաստաթղթավորված չէ։ Կրթական համակարգն էլ հնարավորություն է ստեղծում այն պաշտոնականացելու, ճանաչելի դարձնելու ձեր այս կամ այն հմտությունը։ Մեզ մոտ նման գործառույթ կարող է կատարել Գիտելիքի ու թեստավորման կենտրոնը։ Մի խոսքով, մեր կթրական համակարգը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու այդ ուղղությամբ։ Հարկավոր է քայլեր ձեռնարկել ու ստեղծել համապատասխան միջավայր, որը կխրախուսի մարդկանց շարունակ զարգանալու, կատարելագործելու իրենց հմտությունները։ Սակայն ամենից առաջ պետք է փոխել «Ես ամեն ինչ գիտեմ» մեզանում տարածված կարծրատիպն ու սովորելու մշակույթ ստեղծել»,- ասում է Սամվել Կարաբեկյանը։