Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավոր Վահե Հակոբյան հայտարարել է, որ Սեւ լճի տարածքում արդեն ադրբեջանցի զինվորները պատրաստվում են ձմեռվան․ հիմնական շինություններ են կառուցում։
Նա նշել է, որ Որոտանի հատվածում` ճանապարհի վրա, ադրբեջանցիները ոստիկանական անցակետ են դրել եւ իրանական բեռնատարներից պետտուրք են գանձում։
«ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այդ մասին՝ Որոտանն անվանելով ադրբեջանական անունով. սա ինչ է նշանակում, որ մեզ կամաց-կամաց սովորեցնում են, թե դա ադրբեջանակա՞ն տարածք է։ Էլ չասեմ` նորմալ չէ, որ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածում այն ժամանակ, երբ համացանցում արդեն տեղեկատվությունը տարածվել է»,- հարցադրում է արել Հակոբյանը՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմը ցանկացած պահի պարզապես կարող է Կապանը կտրել ՀՀ մյուս բնակավայրերից։
Պատգամավորը շեշտել է, որ Սյունիքում անվտանգային հարցերից բացի նաեւ տնտեսական խնդիր կա։ Ապրանքաշրջանառության ավելի քան 40 տոկոսը կատարվում է Իրանի կողմից, եւ սա կարող է վտանգվել։ Հակոբյանը վստահ է, որ Իրանը կարձագանքի այս միջադեպին։