Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SUPRI) տվյալներով՝ 2011-2020 թվականներին Իսրայելը Ռուսաստանից հետո Ադրբեջանին ամենաշատ զենք մատակարարած երկիրն է։ Ընդ որում՝ 2016-2020 թվականներին Իսրայելից զենքի վաճառքն Ադրբեջանին աճել է՝ կազմելով Իսրայելից զենքի արտահանման ամբողջ ծավալի 17 տոկոսը։
Թուրք վերլուծաբան Էսմա Օզդաշլը «Ադրբեջան-Իսրայել․ նեղ, բայց խոր հարաբերություններ» հոդվածում վերոնշյալ տվյալները վերլուծել է իսրայելա-ադրբեջանական ռազմական համագործակցության ենթատեքստում։
Օզդաշլն ընդգծել է, որ Ադրբեջանը, անկախության առաջին իսկ տարիներից, հեշտությամբ է ռազմամթերք ձեռք բերել Իսրայելից։ Որոշ լարտավամիջոցների պնդմամբ՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ Իսրայելն Ադրբեջանին ուղարկել է անգամ «Stinger» տեսակի հրթիռները։
Հոդվածագիրը նշել է, որ ռազմական ոլորոտում Իսրայել-Ադրբեջան համագործակցության զարգացման համար լուրջ խթան է դարձել 1999-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի եւ Իսրայելի պաշտպանության փոխնախարար Էֆրաիմ Սնեհի հանդիպումը։ Երկկողմ համագործակցության ամենաուշագրավ դրվագը եղել է 2012-ին՝ 1.6 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական համաձայնագրի ստորագրմամբ։
Գաղտնիք չէ, որ ադրբեջանական բանակի զինանոցը համալրված է իսրայելական արտադրության LORA բալիստիկ հրթիռներով, Aerostar, Orbiter 3, Hermes 450, Heron TP, Hermes 900 տեսակի անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաեւ Orbiter 1K, Skystriker տեսակի «կամիկաձե» անօդաչու թռչող սարքերով։ Վերջիններս, ըստ մի շարք անկախ ռազմական փորձագետների գնահատականների՝ վճռորոշ դեր խաղացին Արցախյան վերջին պատերազմում՝ հոգուտ Ադրբեջանի հաղթանակի: