Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, խոսելով Հայաստանի եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին, նշել է, թե իրենք դրական ուղերձներ են հղում եւ նույնը ստանում Հայաստանից, բայց դրանք, ըստ նրա, չպետք է մնան միայն որպես խոսքեր։ Նա Հայաստանին մեղադրել է՝ պնդելով, թե հայկական կողմը «աչք ունի հարեւան երկրների տարածքների վրա» եւ Երեւանին հորդորել է մտածել, թե ինչպես կարող է օգուտ քաղել խաղաղությունից, տնտեսական զարգացումից, կարեւոր նախագծերից։
Չավուշօղլուն հիշեցրել է Ադրբեջանի կողմից արված խաղաղության համապարփակ պայմանագրի բանակցությունների առաջարկի մասին եւ հույս հայտնել, որ Հայաստանը կարձագանքի։
«Այսօր Թուրքիան ունի թե՛ ռազմական՝ կոշտ եւ թե՛ փափուկ ուժ, որոնք անհրաժեշտ է ճիշտ համադրել եւ հասկանալ, թե երբ է պետք օգտագործել կոշտ ուժը կամ ինչպես է պետք կիրառել փափուկ ուժը։ Կոշտ ուժը պիտի կիրառել, երբ դիվանագիտությունը սպառում է իրեն։ Կոշտ ուժը կիրառվում է դիվանագիտությունը վերստին գործարկելու համար»,- ընդծել է Չավուշօղլուն։
Թուրքիայի արտգործնախարարը, որպես օրինակ թվարկելով իրենց զինուժի գործողությունները Սիրիայում, Լիբիայում, Արեւելյան Միջերկրականում, նշել է. «Ադրբեջանն էլ նույն բանը արեց Կովկասում։ 30 տարի սպասեց, դիվանագիտութունը չաշխատեց։ Մինսկի եռյակը կամ էլ ավելի մեծ կառույցը՝ Մինսկի խումբը, որի անդամ ենք նաեւ մենք, չգործեց։ Ի՞նչ եղավ։ Եղավ այն, որ կարճ ժամանակում՝ 43 օրում, եղբայրական Ադրբեջանը վերցրեց իր հողերը, եւ հիմա էլ հնարավորություն է ստեղծվել դիվանագիտության համար»։