Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ շաբաթվա ընթացքում ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը, ռուսական խաղաղապահ զորակազմի սակրավորները, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը եւ The Halo Trust ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունն Արցախի Հանրապետության տարածքում իրականացրել են ինժեներահետախուզական աշխատանքներ:
Յոթ օրվա ընթացքում ԱԻՊԾ սակրավորների կողմից ականազերծվել է 4 հա տարածք, վնասազերծվել՝ հակատանկային 4 ական, կասետային 50 հրթիռ, 5 ավիառումբ, նռնականետի ՊԳ-7 տիպի 13 նռնակ:
Նշված ժամանակահատվածում 911 ահազանգման կենտրոնում ստացվել է տեխնածին բնույթի 40, սոցիալ-կենցաղային 36 կանչ եւ գրանցվել՝ տարերային 5 պատահար:
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարաքներում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փրկարարները կատարել են 5 ելք: Զինադադարից հետո հայտնաբերվել եւ տարհանել է ընդհանուր 1665 աճյուն:
2021 թվականի սեպտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ընդհանուր 924 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել են հրդեհների մասին ստացված հաղորդումները:
Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 13 ելք: Հրդեհի 5 դեպք գրանցվել է Մարտակերտի շրջանում, 3-ը՝ Մարտունու շրջանում, 1-ը՝ Ասկերանում, 5-ը՝ Ստեփանակերտում։