Ֆրանսիայի ուղարկած՝ կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի 25000 դեղաչափ պարունակող առաջին խմբաքանակն արդեն Երեւանում է: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մարդասիրական բեռն ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստոֆ Քացախյանը եւ Հայաստանի առողջապահության եւ արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից հայտնել են, որ ՀՀ իշխանությունների հետ համակարգմամբ պատվաստանյութի մյուս առաքումները կշարունակվեն վաղը եւ գալիք շաբաթների ընթացքում:
«Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ համաճարակին դիմագրավելու նպատակով»,- ընդգծել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը: 2020-ին Ֆրանսիան կորոնավիրուսի բուժման մեջ մասնագիտացված բժիշկների երեք առաքելություն է ուղարկել Հայաստան։ 2021-ի օգոստոսի 3-ին էլ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է 200000 դեղաչափ պատվաստանյութի նվիրատվության մասին:
«Ինչպես եւ խոստացել էի օգոստոսին, 25000 դեղաչափ պատվաստանյութի առաջին խմբաքանակն այս երեկո կհասնի մեր հայ բարեկամներին։ Համերաշխությունը գործողության մեջ ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարում»,- Ֆեյսբուքում հայերեն գրառմամբ այսօր ընդգծել է Էմանուել Մակրոնը։