Նոյեմբերի 18-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաների, Արցախի քաղաքաշինության նախարարի ու Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչի մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:
Քննարկվել են հրթիռակոծությունների հետևանքով ավերված բնակավայրերի արագ վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքները, այս հարցում ՌԴ մտահոգությունն ու հետևողականությունը, ինչպես նաև նյութական օժանդակությունը:
Քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը զեկուցել է իր ղեկավարած գերատեսչության կողմից մինչեւ նոյեմբերի 18-ը կատարված վնասների չափագրման աշխատանքների մասին: Իսկ ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկու առաջարկով՝ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի վնասների գույքագրմամբ։
Նախապատվությունը տրված է կենսապահովման համակարգերին՝ էլետրամատակարարման, գազի և ջրի մատակարարման, ինտերնետի և հեռախոսակապի ուղիների վերականգնմանը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի և բնակելի տների վերանորոգմանը։ Զուգահեռ կվերակառուցվեն նաեւ կրթական հաստատությունները, առողջապահական հիմնարկներն ու ճանապարհները։