Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից (ՀԾԿՀ) հայտնել են, որ Հայաստանի ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը ցանկանում է սակագները զգալիորեն բարձրացնել մինչեւ 223,7 դրամ մեկ խորանարդ մետրի համար՝ այժմյան 180-ի փոխարեն։
«Վեոլիա ջուր» ընկերությունը ջրի սակագնի բարձրացման հիմք է համարում ընդհանուր գնաճը: Ըստ ՀՀ Կառավարության հետ պայմանագրի՝ ջրի սակագինը կարող է բարձրանալ էլեկտրաէներգիայի թանկացման եւ գնաճի պատճառով (որը տարեսկզբից կազմել է 5,7%):
ՀԾԿՀ-ի տվյալներով՝ 2017-ից սկսած սակագինը մեկ խորանարդ մետրի համար սահմանվել էր 180 դրամ, ենթադրվում էր, որ վերջին մի քանի տարիներին կրկին կբարձրանա (2021-ին ջրի սակագինը պետք է լիներ 211 դրամ): Բայց 180 դրամը գերազանցող մասը Կառավարությունը սուբսիդավորեց այնպես, որ սպառողների համար այն չգերազանցեց 180-ը: Այսպիսով՝ ըստ էության, սակագինը 191,4 դրամ էր, որից 11,4 դրամը սուբսիդավորեց պետությունը:
Այժմ «Վեոլիա ջուրը» գնաճի հիմքով դիմել է վերջին տարվա համար սակագնի բարձրացման խնդրանքով եւ առաջարկել սակագինն ավելացնել 12.34 դրամով։ Հաշվի առնելով նվազման այլ գործակիցներ` սակագնի հայտը առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) կկազմի 186.45 դրամ, իսկ ԱԱՀ-ով՝ 223.7 դրամ: