Հայաստանի անկախացումից ի վեր քրեակատարողական հիմնարկներում բարձրագույն կրթություն է ստացել ընդամենը 11 դատապարտյալ։ Նրանցից չորսը եղել են ցմահ ազատազրկման դատապարտված, մյուսներն՝ առանձնապես ծանր, ծանր եւ միջին ծանրության հանցագործություն կատարած։
Սահմանադրության 38-րդ հոդվածը սահմանում է՝ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ Քրեակատարողական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին կետն էլ ուղղիչ հիմնարկի վարչակազմին պարտադրում է դատապարտյալի կրթությունը կազմակերպելու միջոցներ ձեռնարկել։ Սակայն կրթության իրավունքն իրացնելիս դատապարտյալները մի շարք խնդիրների են բախվում։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը նշում է, որ նախորդ տարիների համեմատ որոշակի դրական միտում են տեսնում, կրթական ծրագրերն ավելացվել են, բայց միեւնույնն է, դրանք շատ սահմանափակ են եւ մեծ լսարան չունեն։
«Եթե նայենք ազատությունից զրկվածների եւ կրթական ծրագրերում ընդգրկվածների հարաբերակցությանը, կտեսնենք, որ վերջինները շատ փոքրաթիվ են։ Կարիք կա, որ այդ միջոցառումներն ընդլայնվեն, քանի որ դատապարտյալներն իրենց առօրյան լցնելու խնդիր ունեն։ Մենք հանդիպել ենք նաեւ դեպքերի, երբ նույն անձը միանգամից մի քանի դասընթացների է գրանցվել ու մասնակցել»,- նշում է ՄԻՊ գրասենյակի աշխատակիցը։
Լաուրա Գասպարյանը նշեց, որ բարձրագույն կրթության դեպքում խնդիրն այն է, որ բուհերի դասախոսները հաճախ դժկամությամբ են գնում քրեակատարողական հիմնարկներ, որպեսզի դասընթացներ կամ քննություններ անցկացնեն։
«ՄԻՊ գրասենյակը անհատական բողոքներ է ստացել ազատազրկվածներից։ Եղել են դեպքեր, երբ պաշտպանի միջնորդությամբ դասախոսներն այցելել են քրեակատարողական հիմնարկ, բայց որոշ դեպքերում մերժվել է դասերն այնտեղ կազմակերպելու պաշտպանի միջնորդությունը»,- ասում է Լաուրա Գասպարյանը։
Հայաստանում գործում է 12 քրեակատարողական հիմնարկ, որոնցում 2020-ին պահվել է 2221 անձ։ Ազատազրկվածներից հանրակրթական ուսուցում ստացել է 38, մասնագիտական՝ 239, բարձրագույն եւ հետբուհական՝ 5 անձ։
2018, 2019, 2020 թվականների տվյալները՝ ստորև ներկայացված գրաֆիկում
ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում կրթություն ստացած դատապարտյալների տվյալները
Նույն խնդիրն արձանագրել է նաեւ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը։ Խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը նշում է, որ քրեակատարողական հիմնարկներում կրթությունը կազմակերպում են այն բուհերը, որոնք ունեն հեռավար համակարգ, այլապես դասախոսական կազմը պետք է գնա քրեակատարողական հիմնարկ, ինչը բուհերի համար խնդրահարույց է։
«Հարց է առաջանում՝ արդյո՞ք նպատակահարմար է, որ բուհը մեկ կամ երկու դատապարտյալի համար քրեակատարողական հիմնարկի հաստիք ունենա, որովհետեւ բյուջեում չունի նման ծախս։ Օրինակ՝ արդարադատության նախարարությունը նման ծախս չի նախատեսում քրեակատարողական հիմնարկների համար, ազատազրկված անձն էլ ֆինանսապես ի վիճակի չէ ե՛ւ կրթության վարձ տալու, եւ՛ դասախոսների տեղափոխության հարցը հոգալու»,- ասում է Նարե Հովհաննիսյանը։
Քրեակատարողական հիմնարկներում կրթություն ստանալու լուրջ արգելք է նաեւ այն հանգամանքը, որ չկան ստացած կրթությունն իրացնելու տարբերակներ, ասում է դիտորդական խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը։ «Ասենք թե անձը՝ ցմահ դատապարտված, ստացել է իրավաբանի կրթություն, ինչպե՞ս պետք է այդ կրթությունն իրացնի, ինչպե՞ս պետք է կրթությունը վերածի աշխատանքի, այսինքն՝ կրթությունն աշխատանքի հեռանկար չի ստեղծում, եւ դրա համար էլ դատապարտյալները սովորելու մոտիվացիա չունեն»։
Քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրելու ընթացքում բարձրագույն կրթություն ստացած տասնմեկ անձից երեքը ձեռք են բերել բժշկի մասնագիտություն, երկուսն՝ ինժեների, եւս երկուսը՝ իրավագետի, մյուսները ստացել են մեքենաշինարարի, իրավաբանական հոգեբանության մասնագետի, հոգեբանի, դերձակ-դիզայների մասնագիտություններ։
Կրթությունը մեծ ազդեցություն է ունենում դատապարտյալների վրա, ասում է «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը՝ միաժամանակ նշելով, որ քրեակատարողական հիմնարկներում կրթությունը խրախուսելու որեւէ մեխանիզմ չկա։
Օրինակ՝ կրթական ծրագրերին մասնակցած անձը խցային տիպի պայմաններից կարող էր գնալ կացարանային տիպի պայմանների, ստանալ ավելի շատ տեսակցություն կնոջ, ընտանիքի անդամների հետ։ Կամ կարող էր մեծանալ բանտից վաղաժամկետ դուրս գալու հավանականությունը։
«Կրթությունը սեփական անձին այլ աչքով նայելու հնարավորություն է տալիս, նաեւ բերում է կրկնահանցագործության ռիսկի նվազեցման։ Կրթված մարդը դիմացինին քիչ է վնաս պատճառում, իսկ հանցագործությունը, մեծ հաշվով, դիմացինի կյանքին, առողջությանը, գույքին վնաս հասցնելն է։ Բացի այդ՝ կրթություն ստացած ազատազրկվածները մեծարվում են իրենց զավակների աչքում, ինչը բերում է ընտանիքի հետ կորսված կապերի բարելավման»,- ասում է Արշակ Գասպարյանը։
«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահը նշում է, որ պետական կառույցներից բացի՝ քրեակատարողական հիմնարկներում կրթական ծրագրեր են իրականացնում նաեւ հասարակական կազմակերպությունները, սակայն այդ ծրագրերն ինչ-որ պահի ավարտվում են։ Դրանց շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որ պետությունն իր վրա վերցնի կրթական ծրագրերի իրականացումը։
Շուշան Ստեփանյան