Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Հայաստանում Իրանի դեսպանությունից հայտնել են, որ Իրանն ուշադիր հետեւում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին եւ, մասնավորապես, Իրանից Հայաստան ուղեւորվող իրանական մեքենաներից գումարների գանձմանը: Դեսպանությունն ընդգծել է, որ Իրանը հետամուտ կլինի հարեւան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ առեւտրի դյուրացման տարբեր եղանակներին: Իրանի համար հարեւանների հետ հարաբերություններն առաջնային են: ՀՀ-ում Իրանի դեսպանությունից հայտնել են նաեւ, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարությունում հարեւանների հետ հարաբերություններն արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից են:
«Հետեւաբար Թեհրանն ընդլայնելու է հարաբերությունները բոլոր հարեւան երկրների հետ՝ հավասարակշռված, բայց գերակա առաջնահերթությամբ: Իրանը փորձում է իր կարողություններն օգտագործել բոլոր հարեւանների մասնակցությամբ տարածաշրջանային զարգացման, խաղաղության եւ կայունության համար: Ըստ այդմ՝ օրակարգային է հատկապես բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը եւ ճանապարհին խոչընդոտների ու խնդիրների վերացումը»,- նշում են դեսպանությունից։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, անդրադառնալով իրանական բեռնատարների ստուգումներին, հայտարարել էր, որ փորձում են օգտագործել Իրանի հնարավորությունները տարածաշրջանային զարգացման, խաղաղության եւ կայունության համար՝ բոլոր հարեւանների մասնակցությամբ։
Ադրբեջանի մաքսատան ծառայությունն էլ հայտարարել է, որ «օտարերկրյա պետությունների ավտոտրանսպորտային միջոցները հարկվում են ճանապարհային հարկով, ինչպես նաեւ պետական տուրքով՝ Ադրբեջանի տարածքով փոխադրումները անելու համար»։