ՌԴ-ում Բելգիայի Թագավորության դեսպան Մարկ Միխիլսենը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնիի հետ այցելել է Երեւանի պոլիկլինիկաներից մեկը, որտեղ դեսպանը հետեւել է ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման գործընթացին։
Բելգիայի զարգացման համագործակցության գործակալության կողմից COVAX-ին նվիրաբերվող 4 միլիոն դեղաչափի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը սեպտեմբերի 5-ին Հայաստան է մատակարարել AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 187,200 դեղաչափ:
«Ուրախ եմ, որ Հայաստան է ժամանել Բելգիայի կողմից նվիրաբերված դեղաչափերի առաջին խմբաքանակը: Մինչեւ տարեվերջ Բելգիան COVAX նախաձեռնության միջոցով այլ երկրների կտրամադրի 4 միլիոն դեղաչափ: Բելգիան վճռորոշ դեր ունի ՔՈՎԻԴ-19-ի դեմ հարյուր միլիոնավոր պատվաստանյութերի արտադրության եւ բաշխման գործընթացում՝ շնորհիվ դեղագործական եւ կենսատեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտներում ունեցած առաջատար դերի»,- նշել է ՌԴ-ում Բելգիայի Թագավորության դեսպան Մարկ Միխիլսենը:
Պատվաստումների համաշխարհային շաբաթվա ավարտին՝ 2021-ի մարտի 28-ին, ՅՈՒՆԻՍԵՖ-ը COVAX նախաձեռնության միջոցով Հայաստան է մատակարարել AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը (24,000), ինչի շնորհիվ ապրիլին Հայաստանը մեկնարկել է ՔՈՎԻԴ-19-ի դեմ համազգային պատվաստումների գործընթացը: Այդուհետեւ Հայաստան է մատակարարվել պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը՝ 50,400 դեղաչափ. ընդհանուր առմամբ՝ 70,400 դեղաչափ:
Հայաստանում մինչեւ օրս 303 միլիոն 325 հազար դեղաչափ պատվաստանյութ է կիրառվել ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիներին պատվաստելու համար, լիովին անվճար:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին նշել է, որ որպես COVAX-ի առանցքային գործընկերներից մեկը եւ աշխարհում պատվաստանյութերի ամենամեծ գնորդը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը առաջնորդում է պատվաստանյութերի ձեռքբերման եւ մատակարարման գործընթացը 92 երկրների, նաեւ Հայաստանի համար: Նա ընդգծել է, որ համավարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է, որ հնարավորինս շատ անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութեր հասանելի լինեն հնարավորինս շատ մարդկանց եւ հնարավորինս շուտ: