Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռով Թուրքիայի Սիիրթ քաղաքի նախկին քաղաքապետ, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ Թունջեր Բաքրհանի նկատմամբ քրեական հետապնդումն անարդար է որակվել:
Բաքրհանին մեղադրանք էր առաջադրվել «Թուրքիայի Հանրապետությանը եւ պետական կառույցներին ուղղված վիրավորանք հնչեցնելու», «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» եւ «ահաբեկչական խմբավորման օգտին պրոպագանդա կատարելու» հոդվածներով։ Դրանց հիման վրա նախկին քաղաքապետը դատապարտվել էր 10 տարի 10 ամիս ազատազրկման։
Թունջեր Բաքրհանը 2016-ի նոյեմբերի 16-ին ձերբակալվել եւ 2 տարի 11 ամիս անցկացրել է բանտում, ընդ որում՝ 2 տարի 8 ամիսը՝ նախնական կալանքում։ ՄԻԵԴ-ն ընդգծել է, որ նախկին քաղաքապետին առաջադրված մեղադրանքը խոսքի ազատության ոտնահարում է, ուստի Թուրքիայի իշխանություններին պարտավորեցրել է 10000 եվրո բարոյական վնասի փոխհատուցում եւ 3000 եվրո դատական ծախսերի փոխհատուցում վճարել Բաքրհանին։