ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ սեպտեմբերի 14-ին ընդունել է Հարավային Կովկասում եւ ճգնաժամի հարցերով Վրաստանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին:
ՄԻՊ-ը նշել է, որ ներկայացրել է հետպատերազմական փուլում ադրբեջանական իշխանությունների պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը:
«Նշել եմ, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը սխալ է, քանի որ երկրորդական պլան են մղվում մարդու իրավունքները, սահմանափակվում են այդ իրավունքները պաշտպանելու հնարավորությունները:
Որպես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ նշել եմ, որ ադրբեջանական անօրինական արարքների հետեւանքով մարդիկ զրկվել են նույնիսկ դեռ խորհրդային ժամանակներից իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքներից, որի հետեւանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաեւ անվտանգային լուրջ խնդիրներ»,- ընդգծել է ՀՀ ՄԻՊ-ը:
Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում, օրինակ՝ Սեւ լճում, անվտանգային չափազանց լուրջ խնդիրներ է առաջացրել շրջակա բնակավայրերի համար, քանի որ թիրախում են, իսկ ադրբեջանական զինվորականները նաեւ կրակոցներ են արձակում: Դրանից բացի՝ մարդկանց մի մասը չի կարողանում զբաղվել անասնապահությամբ, որն ընտանիքի եկամտի աղբյուրն է, իսկ Գեղարքունիքի մարզում խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել արոտավայրերի մերձակա անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել առանձին վայրերում. վտանգված է ջրային պաշարների հասանելիությունը ոչ միայն Սյունիքի, այլ նաեւ Գեղարքունիքի մարզում: Ավելին՝ մի շարք գյուղեր զրկված են ջրից:
Արման Թաթոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, առանց ադրբեջանական զինված ծառայողների, նրանց ցուցանակների ու տեսախցիկների հեռացման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլև կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ: