«Գրքարվեստ եւ կալիգրաֆիա» նախագծի շրջանակում Գյումրու «Գալերի 25» պատկերասրահում սեպտեմբերի 14-ին մեկնարկեց գերմանացի արվեստագետ Հայնց Ֆերբերտի «Չինական կալիգրաֆիայի ինտերպրետացիաներ» բնօրինակ աշխատանքների ցուցադրությունը։
Ներկա էին արվեստագետներ, արվեստի բուհերի ուսանողներ եւ դասախոսներ, վայելչագրությամբ հետաքրքրված այլ անձինք։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ուսումնասիրելու գերմանացի նկարչի չինական գրերի բնօրինակները՝ ձիու, կրիայի, արծվի, բուի եւ այլ կեենդանիների պատկերագրերով:
Հեղինակն անձամբ ներկա չէր ցուցադրությանը։ Տեսակապի միջոցով ամբողջ ընթացքում նա հետեւեց միջոցառմանը, շփվեց մասնակիցների հետ։
Հայնց Ֆերբերտը հույս հայտնեց, որ տարբեր ազգությունների մշակույթների հատման կետերում, որի դրսեւորումն այս ցուցադրությունն է, մարդիկ ավելի լավ կհասկանան ու կհարգեն միմյանց։ Արվեստագետը ոչ մի զարմանալի բան չտեսավ, որ մասնակիցներից շատերը գուցե չկարողանան կարդալ կերպարները: «Բայց դա ամենեւին էլ կարեւոր չէ: Թերեւս կկարողանաք վայելել առանձին գրաֆիկական թղթերը եւ զրուցել, հետաքրքրվել այլ մշակույթով»:
Ուղիղ տեսակապի ընթացքում արվեստագետը խոստացավ այցելել Հայաստան․ «Երբ գամ ձեր երկիր, ձեզ կառաջարկեմ չինական կալիգրաֆիայի դասընթաց: Խոստանում եմ, որ իմ օգնությամբ 20 րոպե անց կկարողանաք գրել ձեր ծննդյան ամսաթիվը»։
Գյումրու «Գալերի 25» պատկերասրահն ավելի վաղ էր սկսել ծրագրեր իրականացնել՝ թվային մեր դարաշրջանում փորձելով վերարժեւորել շոշափելի արժեքները, հատկապես ձեռագիր գրքերը։
Պատկերասրահի հիմնադիր, Շիրակի եւ Լոռու մարզերում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը ցուցադրությունը կարեւորում է գրքարվեստի ոլորտում մասնագիտացած արվեստագետների միջոցով ձեռագրի եւ ձեռակերտ գրքի դերի բարձրացման առումով։
«Որքան էլ զարգանա տեխնիկան, միեւնույնն է, ձեռագրի մեջ խորհուրդ կա, սիմվոլ ու էներգիա կա, որը չկա գրի էլեկտրոնային տարբերակում»,- վստահ է պարոն Տեր-Մինասյանը։
Գերմանացի արվեստագետ Հայնց Ֆերբերտը լսել էր «Գալերի 25»-ի մասին, ցանկություն հայտնել ցուցադրվել այստեղ։ Կազմակերպիչները սիրով ընդունել էին առաջարկը։
Նախագիծն իրականացվում է Für Armenien հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ։ Պատկերասրահի հետ սա նախարարության առաջին համագործակցությունն է։ Ծրագրի ֆինանսավորումը հաստատվել էր 2020 թվականին, բայց համավարակի պատճառով իրականացվեց մեկ տարի ուշացումով։
«Գրքարվեստ եւ կալիգրաֆիա» նախագծի շրջանակում կլինեն նաեւ այլ ցուցադրություններ, քննարկումներ, վարպետաց դասեր, որոնց կանդրադառնանք առաջիկայում։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։