ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնել են, որ ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիքի մարզ։
Խումբն իրականացնելու է մի շարք փաստահավաք աշխատանքներ ադրբեջանական զինծառայողների կողմից մարդու իրավունքները խախտող արարքների առնչությամբ, որոնց թվում՝ Մ2 միջպետական ճանապարհի Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում ադրբեջանական իշխանությունների տեղադրած ոստիկանական հենակետի առնչությամբ։
Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները կայցելեն նաեւ ՀՀ մի շարք զորամասեր։ Տեղի կունենան ուսումնասիրություններ, առանձնազրույցներ զինծառայողների հետ եւ այլն:
Մարդու իրավունքների կոպիտ խախտումներ ճանապարհահատվածում
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 14-ին փաստահավաք աշխատանքների մանրամասներ է ներկայացրել։ Դրանց հիման վրա ՀՀ ՄԻՊ-ը հայտարարել է, որ Որոտանի ճանապարհին ադրբեջանական ոստիկանական հենակետը, արգելապատնեշներն ու տեսախցիկները, զինված ծառայողների տեղակայումը բացահայտ անիրավաչափ են եւ ենթակա են անհապաղ հեռացման։
Թաթոյանը նշել է, որ 2021-ի սեպտեմբերի 9-ից Երեւան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել:
Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները բացահայտել են ճանապարհի այդ հատվածում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ:
Բոլոր 10 տեսախցիկներն ուղղված են դեպի ճանապարհը
Ադրբեջանական ոստիկանական հենակետի տեղակայումից հետո բացահայտվել է ճանապարհի նշված հատվածում տեղադրված ընդհանուր թվով 10 տեսախցիկ: Տեսախցիկներից 4-ը տեղադրված է ոստիկանական հենակետի անմիջապես հարեւանությամբ շենքի վրա. 2-ը շենքի ճակատային մասում է, մյուս 2-ը՝ շենքի տանիքին: Բոլոր տեսախցիկներն ուղղված են դեպի ճանապարհը: 6 տեսախցիկները տեղադրված են ճանապարհի հատվածում՝ հենակետի անմիջապես հարեւանությամբ, որոնցից 4-ի ուղղությունը ճանապարհի վրա է, իսկ 2-ինը՝ ադրբեջանական զինված ծառայողների վրա:
Ապօրինի հավաքվում են մարդկանց անձնական տվյալները
Այսինքն՝ ճանապարհի հսկողության համար տեղադրված է 8 տեսախցիկ, որոնցով տարբեր ուղղություններից հսկողություն է իրականացվում երթեւեկության մասնակիցների, գլխավորապես քաղաքացիական բնակչության շարժի նկատմամբ: Տեսախցիկներով ակնհայտ արձանագրում են բոլոր մեքենաների պետհամարանիշները, ուղեւորների քանակը, ուղեւորների եւ վարորդների դեմքերը՝ հաշվի առնելով, որ հատկապես առանց այն էլ ճանապարհի այդ հատվածում ադրբեջանական զինված ծառայողների տեղադրած արգելապատնեշների պատճառով էականորեն դանդաղել է ավտոմեքենաների արագությունը: Փաստորեն, բացահայտ անիրավաչափ եղանակով հավաքվում են մարդկանց անձնական տվյալներ՝ այդ տվյալների միջազգային պաշտպանության կանոնների կոպիտ ոտնահարումով:
ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է, որ վերոնկարագրյալը փաստում է մարդու մասնավոր կյանքին ու երթեւեկողների անվտանգությանը բացահայտ անօրինական միջամտության մասին:
Ադրբեջանցիների դիմակավորված լինելը ապահովում է նրանց անպատժելիությունը
Ոստիկանական հենակետում մշտապես ծառայություն են իրականացնում ինքնաձիգներով ու այլ զինատեսակներով ցուցադրական զինված ադրբեջանական առնվազն 4 ծառայողներ, որոնք գրեթե բոլոր դեպքերում դիմակավորված են՝ դեմքերն ամբողջությամբ փակված:
Սա բացարձակ անթույլատրելի, բացահայտ ահաբեկող նշանակության հանդերձանք է՝ հաշվի առնելով, որ խոսքը համայնքներ իրար միավորող միջպետական նշանակության ճանապարհի մասին է, ու որ այդ ճանապարհով երթեւեկում են գլխավորապես քաղաքացիական անձինք: Ավելին՝ ադրբեջանական զինված ծառայողների դիմակավորված լինելը բացարձակ բարձրացնում է նրանց անօրինական արարքներ գործելու ռիսկը եւ ապահովում է անպատժելիություն:
Իրանցի վարորդներին ադրբեջանցիները որպես հայ են ներկայանում
Ադրբեջանական ոստիկանական հենակետի անմիջապես հարեւանությամբ՝ ճանապարհի վրա, տեղադրված են արգելապատնեշներ: Ավելին՝ հենակետի զինված ծառայողները առանց որեւէ օրինական հիմքի կանգնեցնում են այդ ճանապարհով օրինական հիմքերով երթեւեկող իրանական պետհամարանիշներով բեռնատար ավտոմեքենաներ:
Վարորդներից առանց օրինական հիմքի պահանջում են փաստաթղթեր ու տարբեր չափի դրամական մուծումներ: Ըստ ահազանգերի՝ իրանական վարորդները վճարել են մի դեպքում 3000 ՀՀ դրամ, մյուս դեպքում՝ 10,000 ՀՀ դրամ, երրորդ դեպքում 120 ԱՄՆ դոլար, չորրորդ դեպքում՝ 50 ԱՄՆ դոլար եւ այլն:
Ըստ մի շարք ահազանգերի՝ ադրբեջանական զինված ծառայողները Իրանի վարորդներին ներկայանում են որպես հայ:
Ադրբեջանական զինված ծառայողների այս անօրինական, ակնհայտ հանցավոր արարքների պատճառով էականորեն դանդաղել է մարդկանց ու քաղաքացիական մեքենաների տեղաշարժը, այդ պատճառով հաճախակի են դարձել խցանումները:
Ահազանգ է եղել նաեւ, որ ադրբեջանական ոստիկանական հենակետի ծառայողները իրանական մեքենայի թույլ չեն տվել շարունակել երթեւեկությունը:
Որեւէ փոխհատուցում չեն տվել, պատասխանատվության չեն ենթարկվել
Ադրբեջանական իշխանությունները բացահայտ անիրավաչափ են տիրացել Որոտան բնակավայրի այն շենքին ու հարակից հողատարածքին, որտեղ տեղակայված են նրանց զինված ծառայողները եւ որոնց անմիջական հարեւանությամբ տեղադրված են ադրբեջանական ոստիկանական հենակետ, ագելապատնեշներ ու տեսախցիկներ:
Բանն այն է, որ այդ շենքն ու հողատարածքը սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ քաղաքացու: Նրա այդ իրավունքը հաստատված է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի 2013 թվականի օրինական վկայականով:
Ադրբեջանական զինված ուժերը նշված անշարժ գույքին տիրացել են պատերազմից անմիջապես հետո՝ պատերազմի սպառնալիքով՝ ՀՀ նշված քաղաքացուն՝ գույքի օրինական սեփականատիրոջը տրված զինված հարձակման սպառնալիքով եւ ընդամենը մի քանի ժամ տալով՝ գույքը թողնելու համար: Մինչեւ օրս էլ ՀՀ քաղաքացուն իր օրինական իրավունքից բացահայտ անիրավաչափ զրկելու համար որեւէ հատուցում նրանք չեն տվել, որեւէ պատասխանատվության չեն ենթարկվել:
Սա նշանակում է, որ ադրբեջանական որեւէ տեսակի տեղակայում Որոտանի նշված շենքում կամ հողատարածքում անիրավաչափ է, քանի որ տեղի է ունեցել ՀՀ-ին ուղղված պատերազմի սպառնալիքի, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացուն՝ նշված գույքի օրինական սեփականատիրոջը տրված զինված հարձակման սպառնալիքի ներքո ու առանց հատուցման՝ նրա սեփականության իրավունքի կոպիտ ոտնահարմամբ:
Ադրբեջանցիների արարքներն իրավական հիմքից զուրկ են եւ քրեորեն պատժելի
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ծառայողների նշված բոլոր արարքները, այդ թվում՝ կապված ոստիկանական հենակետի հետ, առաջացնում են մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներ: Դրանք բնույթով քրեորեն պատժելի են եւ զուրկ են որեւէ իրավական հիմքից, ուղղակիորեն արգելված են մարդու իրավունքները պաշտպանող միջազգային կանոններով:
Թաթոյանը շեշտել է՝ պետք է հաշվի առնել նաեւ, որ մինչ օրս երկու պետությունների միջեւ տեղի չի ունեցել պետական սահմանի սահմանագծում եւ սահմանազատում:
«Սա նշանակում է, որ թե՛ ադրբեջանական ոստիկանական հենակետի ու արգելապատնեշների, թե՛ ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումը ՀՀ Գորիս համայնքի Որոտան բնակավայրի հատվածում զուրկ են իրավական որեւէ տիտղոսից: Այս փաստն ավելի է ամրապնդում ադրբեջանական իշխանությունների եւ մասնավորապես զինված ծառայողների արարքների ակնհայտ անիրավաչափ լինելն ի սկզբանե:
Ուստի թե՛ ադրբեջանական ոստիկանական հենակետն ու արգելապատնեշները, թե՛ զինված ծառայողները պետք է անհապաղ հեռացվեն»,- եզրափակել է ՀՀ ՄԻՊ-ը:
Մարդու իրավունքների պաշտպանը ստեղծված վիճակի մասին սույն հաղորդագրությամբ տեղեկացրել է միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ եւ այլն):