Թուրքիայում իշխող իսլամական-պահպանողական «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ կուսակցությունը պաշտպանում է Թուրքիայի սահմանադրության 24-րդ հոդվածում ամրագրված լայիցիզմը (աշխարհիկությունը), եւ պնդում, որ Թուրքիայի սահմանադրությունից լայիցիզմի սկզբունքը հեռացնելու մասին խոսք անգամ լինել չի կարող։
Լայիցիզմը կամ աշխարհիկ իշխանության գերակայությունը քեմալականության 6 հիմնական սկզբունքներից մեկն է, սակայն Թուրքիայում համարում են, որ Էրդողանի առաջնորդությամբ ԱԶԿ-ն վարում է հակաքեմալական եւ իսլամամետ քաղաքականություն։
Օմեր Չելիքը պնդել է, որ լայիցիզմի հարցում ԱԶԿ-ի դիրքորոշումը հայտնի է. «Լայիցիզմը խիստ արժեքավոր է նաեւ որպես հանրային համերաշխություն ապահովող մեխանիզմ։ Մենք մտածում ենք, որ լայիցիզմի սկզբունքը պետք է պահպանվի սահմանադրությունում»:
ԱԶԿ մամուլի խոսնակը հայտարարել է, որ իշխանության գալուց ի վեր ԱԶԿ-ն պաշտպանել է լայիցիզմը, սակայն շեշտել, որ այն չպետք է վերածվի պարտադրման կամ գաղափարական ճնշման գործիքի։