Ըստ Daily Sabah-ի՝ Պակիստանի տեղեկատվության նախարար Ֆավադ Չաուդրին հայտնել է, որ Աֆղանստանի կանանց ֆուտբոլի հավաքականի ներկայացուցիչները փախել են երկրից։
Պակիստանցի պաշտոնյան ողջունել է ազգային թիմին եւ հայտարարել, որ մարզուհիներն Աֆղանստանի եւ Պակիստանի սահմանի «Տորհամ» հսկիչ անցակետում են: Չաուդրին հավելել է, որ ֆուտբոլիստներին ընդունել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը:
Հայտնի չէ միայն՝ ֆուտբոլիստուհիներից հատկապես ովքեր են լքել Աֆղանստանը, եւ արդյոք նրանք շարունակելու են երկիրը ներկայացնել միջազգային մրցումներում:
Ավելի վաղ Աֆղանստանից արդեն հեռացել էին հավաքականի նախկին ֆուտբոլիստուհիներ։ Վերջիններս հեռանալուց հետո մնացած մարզուհիներին հորդորել են հեռացնել սոցցանցերի պրոֆիլները եւ խորհուրդ տվել այրել համազգեստն ու մարզակոշիկները՝ հալածանքներից խուսափելու համար:
Աֆղանստանցի մարզիկները միջազգային մարզական կազմակերպություններից սկսեցին օգնություն հայցել երկրից հեռանալու հարցում, երբ օգոստոսի 15-ին «Թալիբանը» հայտարարեց Աֆղանստանի տարածքում իր իշխանության հաստատման մասին:
Թալիբներն Աֆղանստանում աֆղանստանցի աղջիկներին արգելել են սովորել այն բուհերում, որտեղ տղամարդիկ են դասավանդում: Նոր իշխանությունը հայտարարել է այլ երկրների հետ մրցակցելու ունակ՝ մահմեդական, ազգային եւ պատմական արժեքներին համապատասխանող մահմեդական ողջամիտ ուսումնական ծրագիր ստեղծելու մտադրության մասին: