Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ՀԱՊԿ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ եւ ՌԴ ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի եւ Նիկոլայ Պատրուշեւի հանդիպումը:
Քննարկվել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է դեռ մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածքի Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի հատվածներում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետեւանքով ստեղծված իրավիճակը։ Քննարկվել է նաեւ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց խնդիրը: Գրիգորյանը հույս է հայտնել, որ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ հնարավոր կդառնա բոլոր հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձը հայրենիք:
Նիկոլայ Պատրուշեւը կարեւորել է ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ աշխատանքների շարունակականությունը` ընդգծելով, որ դա հնարավորություն կտա կայուն խաղաղություն ապահովելու տարածաշրջանում: ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը ԼՂ հակամարտության լուծման հարցում կարեւորել է Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում գործընթացի ակտիվացումը:
Դուշանբեում ՀԱՊԿ նիստին մասնակցում են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները, անվտանգության խորհրդի քարտուղարները։ Օդանավի անսարքության պատճառով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի կարողացել մեկնել Դուշանբե՝ ՀԱՊԿ նիստին մասնակցելու: Նա Դուշանբե կմեկնի վաղը:
Միրզոյանից բացի՝ Հայաստանի կողմից նիստին չի մասնակցել նաեւ ՊՆ ղեկավար Արշակ Կարապետյանը։