Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Գորիս-Կապան ճանապարհից ձերբակալել են իրանցի վարորդների: Ըստ ադրբեջանական կողմի՝ Իրանի քաղաքացի վարորդները «փորձել են անօրինական կերպով մուտք գործել Ադրբեջանի տարածք»։ Պաշտոնական Բաքուն զգուշացրել է, որ այդ մեքենաների վարորդների նկատմամբ Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան միջոցներ կձեռնարկվեն։
Իրանցի վարորդները Ստեփանակերտից ցեմենտ բեռնած վերադառնալիս են եղել Բերձոր-Գորիս ավտոմայրուղով, որի Որոտանի հատվածում նրանց ձերբակալել են։
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում հայտարարել է, որ տեղյակ չէ երկու ձերբակալված իրանցի վարորդների մասին:
Հայկական բեռնատարներն էլ են ստուգում
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Գորիսի փոխհամայնքապետ Կարո Քոչարյանը հայտնել է, որ Գորիս-Որոտան ճանապարհահատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական անցակետում ադրբեջանցիներն արդեն նաեւ հայ վարորդների փաստաթղթերն ու բեռներն են ստուգում։ Փոխհամայնքապետը նշել է, որ երեկ երեք վարորդներից այդպիսի ահազանգ է ստացել։ Վարորդներին ստուգել են, բաց թողել։ Պատճառ չեն ասել:
Փոխհամայնքապետը խնդրի մասին ահազանգել է մարզպետարան, ՄԻՊ գրասենյակ։ ՄԻՊ աշխատակիցներն արդեն այցելել են Սյունիքի մարզ, բայց Քոչարյանի հետ դեռեւս չեն հանդիպել։
Քոչարյանը մտավախություն է հայտնել, որ ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած Մ2 Գորիս-Որոտան միջպետական ճանապարհահատվածով երթեւեկությունը կարճ ժամանակ անց կդադարեցվի։ «Հավանական է, որ այդ ճանապարհը կկորցնենք։ Իսկ Տաթեւ-Աղվանի այլընտրանքային ճանապարհը դեռ կառուցվում է»,- ահազանգել է նա։
Տաթեւ-Աղվանի ճանապարհի՝ բեռնատարների համար հարմար լինելու հարցին Կարո Քոչարյանը դժվարացել է պատասխանել, սակայն ընդգծել է, որ փոխարենը Սյունիքը շրջափակած ադրբեջանական կողմը ճանապարհներն է նորոգում, տեղակայման վայրերն ամրակայում։
«Եթե հակառակորդը պատրաստվում է, տեղակայվում է ամենալավ ձեւով, իսկ մենք ընդհանրապես ոչինչ չենք ձեռնարկում, ոչինչ չենք անում, մեր զինվորների մասին չենք մտածում, մեր ճանապարհները չենք բարեկարգում, դա ինչ է նշանակում` հարմարվում ենք հակառակորդի ասածներին»,- եզրափակել է Գորիսի փոխհամայնքապետը։