«Ռադիո Ավրորա»-ի տնօրեն Միքայել Ջանփոլադյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ ռադիոալիքն այլեւս չի սփռվելու Արցախում։ Նա ցավով նշել է, որ որպես մասնավոր ընկերություն՝ իրենք չենք կարող շարունակ փող կորցնել։ Ջանփոլադյանը հիշեցրել է, որ «Ավրորա» ռադիոալիքը արդեն մի անգամ կորցրել է իր ամբողջ գույքը Շուշիում։
«Հիմա չգիտենք` եթե նորը բերենք, որտեղ ենք տեղադրելու։ Չենք կարող կրկին գումար ներդնել՝ չիմանալով, թե ինչ կլինի վաղը։ Կովկասյան թաթարներն էլ անընդհատ խլացնում են հեռարձակումը»,– ասել է Ջանփոլադյանը` շեշտելով, որ սկզբունքորեն չի արտաբերելու «Ադրբեջան» եւ «ադրբեջանցի» բառերը։
Ըստ «Ռադիո Ավրորա»-ի տնօրենի` վերջին կաթիլը լցվել է, երբ Արցախից զանգել եւ պետտուրքի վճարում են պահանջել։
Ջանփոլադյանը շեշտել է, որ «Ռադիո Ավրորան» չի հանձնելու իր արտոնագիրն Արցախում, դեռեւս պետք է խոսի իրավաբանների հետ։