Թուրքիայի Դերսիմ նահանգի Օվաջըքի շրջանի երկու գյուղերի միջեւ ընկած անտառածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել։
Դերսիմի քաղաքապետ Ֆաթիհ Մեհմեդ Մաչօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հրդեհի պատճառն այդ շրջանում իրականացված ռազմական գործողությունն է։
Տեղական աղբուրները հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին Օվաջըքում իրականացված ռազմական գործողության ընթացքում շրջանը ռմբակոծվել է շուրջ 20 րոպե, ինչի հետեւանքով էլ անտառը սկսել է այրվել։ Նշվում է, որ հրդեհը վերահսկողության տակ առնելու համար որեւէ միջամտություն չի արվում։
Օգոստոսին Հոզաթի եւ Օվաջըքի շրջանների միջանկյալ գոտում անվտանգության ուժերի եւ «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) անդամների միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով բռնկված անտառային հրդեհը մարելու համար եւս երկար ժամանակ աշխատանքներ չէին իրականացվել։