Պատերազմը դադարեցնելու մասին 2020-ի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետի, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած եռակողմ հայտարարությունը Սյունիքի բնակիչների մոտ բազում հարցեր է առաջացրել: Դրանք հատկապես սուր են Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ նախկին սահմանագծի երկայնքով տեղակայված բնակավայրերում, քանի որ նոր սահմանները հստակ չեն, մինչդեռ մարդկանց կյանքն անցած շուրջ երեսուն տարվա ընթացքում վերակառուցվել էր՝ օրվա իրողություններին համապատասխան:
Մասնավորապես՝ Գորիս-Կապան ճանապարհի մի մասը ժամանակին Ադրբեջանական ԽՍՀ տարածք էր, եւ այդ շրջանի բնակիչների համար դեռեւս պարզ չէ՝ ինչպե՞ս է անցնելու սահմանը եւ արդյոք ճանապարհն անվտա՞նգ է լինելու:
Այս շրջանի բնակավայրերը տնտեսական ու սոցիալական տարբեր կապերով կապված էին ԼՂՀ նորաստեղծ Քաշաթաղի շրջանի հետ եւ մարդիկ չգիտեն՝ ինչպե՞ս է սա կարգավորվելու նոր իրավիճակում:
«Քաշաթաղի հետ 20 տարով խոտհարքի վարձակալության պայմանագիր ունենք, սեփականաշնորհման գրքույկով-բանով, բոլորի ձեռքին կա էդ պայմանագիրը, մինչև հեսա էս պատերազմը սկսելը հարկերը մարդիկ տվել են, անձամբ ես 70,000 մուծել եմ: Գյուղապետն ասեց՝ սպասեք մի քիչ խաղաղվի, տեսնենք՝ ինչ պիտի լինի»- պատմում են որոտանցիները:
Որոտանի գերեզմանոցը գտնվում են նախկինում Ադրբեջանական ԽՍՀ Կուբաթլուի շրջանի տարածքում։ Գյուղացիները հարց են բարձրացնում, թե ստորագրված փաստաթղթով ո՞ր երկրում են մնալու իրենց գերեզամանները, իրենք հանգիստ կարո՞ղ են այցելել հարազատների շիրիմներին կամ նոր թաղումներ անել:
Գյուղի շրջակա լեռների փեշերին փռված անտառների որոշ մասը եւս նախկինում Ադրբեջանի տարածքում է եղել: Որոտանցի մի կին պատմում է. «Անտառը բաժանվում ա երկու մասի, ճանապարհով, որ բարձրանում ես Ղափան, էդ ճանապարհի աջ կողմը հայի անտառն ա, ձախ կողմը՝ արդեն թուրքի: Միջոց չկա ապրելու: Էդ անտառով էլի ապրում էին մարդիկ, ցախ էին բերում, թեկուզ վաճառում էին, ոչ մի աշխատանքի վայր չկա»:
Որոտանցիներն ասում են, թե ՛այս պահին վախենալու բան չկա, սակայն տագնապն ակներեւ է. «Սստեղ մարդ չի եկել, ստեղ մինապատած (ականապատ) չի, բան չի, ստեղ վախենալու բան չկա, բայց եթե իրենք էնտեղից գան, կվախենանք, էլ էրեխեքին չենք թողնի ազատ ման գան, ազատ անտառ չենք գնա: Ոչ ոք դեռ չգիտի ոնց կլինի: Հեսա մեկս կարդում ենք՝ Ղարաբաղի Մարտակերտի որոշ գյուղեր հետ տվին, ի՞նչ իմանանք ստեղ ինչ կլինի: Տունը-տեղը թողնենք որտե՞ղ էթանք: Միջոց չկա ապրելու»:
Սյունեցիների հետ մեր բազմաթիվ զրույցները վկայում են, որ նրանք անորոշության մեջ են: Կա տագնապ՝ ստեղծված իրավիճակում Սյունիքի ամբողջությամբ սահմանի վերածվելու առնչությամբ, ինչպես նաեւ մտավախություն՝ ապագայի հետ կապված: Սյունեցիներն աչալուրջ հետեւում են պաշտոնական լրահոսին եւ սպասում քարտեզների՝ սահմանների եւ այլ հարցերը հասկանալու համար: