Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքվում վերահաստատել է պաշտոնական Բրյուսելի դիրքորոշումը՝ Եվրամիությունը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության, զարգացման եւ բարգավաճման դիրքերից, պատրաստ է համապատասխան աջակցություն ցուցաբերելու այդ ուղղությամբ։ Կլաարը կրկին հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցելու Երեւանի եւ Բաքվի միջեւ լարվածության թուլացմանը։
Եվրամիության բարձրաստիճան դիվանագետը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների՝ կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակը, այդ թվում՝ պետական սահմանների սահմանագծում, հաղորդակցությունների բացում, ենթակառուցվածքային նախագծեր եւ այլ հարցեր։
Փոխադարձ մեղադրանքների շրջանակում
Եռակողմ հայտարարությունների իրագործման մասին խոսելիս Բայրամովը Եվրամիության հատուկ ներկայացուցչին ասել է, թե «Հայաստանի գործողություններն անթույլատրելի են»։ Նա պնդել է, թե «հայկական կողմի հայտարարություններն ու հավակնություններն անհիմն են եւ ծառայում են իրավիճակի սրմանը»։
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնացը Բաքու մեկնելուց առաջ Երեւանում էր։ Այս անգամ Երեւանում նա բավարարվել է միայն Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումներով։ Մինչդեռ սովորաբար նա պաշտոնական հանդիպումներ էր ունենում նաեւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ։
Բողոքը տեղ հասավ
Անցած ապրիլին՝ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ Կլաարի հանդիպումից հետո, Բաքուն պաշտոնապես բողոքել է Եվրամիության ղեկավարությանը՝ հայտարարելով, որ Տոյվո Կլաարը «չպետք է այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք հաշվի չեն առնում հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները», քանի որ դրանք «հակառակ կողմի մոտ չարդարացված ակնկալիքներ են ձեւավորում»։
Եվրամիության հատուկ բանագնացն արդեն երկրորդ անգամ տարածաշրջանային այցի ընթացքում պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ չի հանդիպել․ համենայն դեպս հանդիպման մասին չի հաղորդվել։