ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հեռավար կապի միջոցով դիմելով Տաջիկստանի մայրաքաղաքում մեկնարկած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի մասնակիցներին, կրկին նշել է՝ ինչու է ինքնամեկուսացել: Կրեմլի ղեկավարը հայտնել է, որ իր մերձավոր շրջապատում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է մի քանի տասնյակի։
«Մեկ կամ երկու դեպք չէ, խոսքը մի քանի տասնյակ մարդկանց մասին է։ Այնպես որ, մի քանի օր պետք է մնամ ինքնամեկուսացման ռեժիմում: Այսօր չեմ կարող սեղմել ձեր ձեռքը եւ գրկախառնվել ձեզ հետ»,- հավելել է Ռուսաստանի նախագահը։ Պուտինը չի հստակեցրել՝ իր շրջապատի վարակված անձինք պատվաստվա՞ծ են եղել, թե՞ ոչ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կրկին վստահեցրել է, որ ՌԴ նախագահը առողջ է եւ աշխատելու է հեռավար ռեժիմով:
Հայտնի չէ սակայն, քվեարկելո՞ւ է արդյոք ՌԴ նախագահը սեպտեմբերի 17-19-ի Պետդումայի ընտրություններում: Վլադիմիր Պուտինը չի գրանցվել էլեկտրոնային քվեարկությանը մասնակցելու համար: Տեսականորեն, քվեատուփը կարող են հասցնել ՌԴ նախագահի ինքնամեկուսացման վայր: Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչն առայժմ չի մեկնաբանել այդ հարցը: