Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Ավստրալիան նոր ռազմական համաձայնագիր են կնքել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ ավստրալական կառավարության ղեկավար Սքոթ Մորիսոնը նոր համաձայնագրի մասին հայտարարել են գիշերն անցկացված հեռուստակամրջի ընթացքում։
Ջո Բայդենը հայտարարել է, թե երեք երկրների համագործակցության խորացմանը, դրան պաշտոնական բնույթ հաղորդելուն ուղղված եւս մեկ պատմական քայլ են անում։ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ բոլորն են ընդունում Հնդկական եւ Խաղաղ օվկիանոսների տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:
Ըստ համաձայնագրի՝ ԱՄՆ-ը Ավստրալիային կփոխանցի միջուկային սուզանավերի արտադրության տեխնոլոգիաները։ Ավստրալիան դրա շնորհիվ կկարողանա առաջիկա տարիներին իր նավատորմը համալրել առնվազն 8 նորագույն սուզանավերով։
Ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ավստրալիան կհայտարարեն անվտանգության բնագավառում երեք երկրների միջեւ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գծով նոր եռակողմ գործակցություն ստեղծելու մասին, որը կստանա AUKUS անվանումը։