Երկիր մոլորակը Արեգակի վնասակար ճառագայթներից պաշտպանվում է օզոնային շերտի միջոցով։ Հետեւաբար այդ շերտի պաշտպանությունը կենսական նշանակություն ունի։ Սեպտեմբերի 16-ը նշվում է որպես օզոնային շերտի պաշտպանության միջազգային օր։
Օզոնային շերտի քայքայման պատճառ կարող են դառնալ քլորի ու բրոմի ատոմները։ Քլորի մեկ ատոմը կարող է քայքայել 100 հազար օզոնային մոլեկուլ։ Օզոնային շերտի քայքայումը շատ ավելի արագ է տեղի ունենում, քան դրա ձեւավորումը կարող է լինել։
1970-ականներին մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, որոշեցին արգելել քլորֆտորածխածնային նյութերի օգտագործումը որպես աերոզոլային վառելիք։ Սակայն օզոնը քայքայող նյութերի արտադրությունը մեծ թափով շարունակվեց, քանի որ այդ քիմիական նյութերը սկսել են օգտագործել սառեցման, կրակի մարման եւ այլ նպատակներով։ Միջին լայնություններում օզոնային շերտը քայքայվել է 5-6 տոկոսով։ Հնարավոր է, որ ջերմոցային էֆեկտից առաջացած կլիմայական փոփոխության պատճառով օզոնային շերտն այլեւս չլինի այնպիսին, ինչպիսին 1970-ականներին էր։
Օզոնային շերտի քայքայման պատճառ կարող է դառնալ թափոնի վերածված կենցաղային տեխնիկան՝ սառնարաններն ու օդորակիչները, որոնց մեջ կան նշված վնասակար քիմիական նյութերը։ Օզոնային շերտի պաշտպանության միջազգային օրվա առիթով Երեւանի կենդանաբանական այգու հանրային տարածքում բացվել է ցուցահանդես։ Նպատակն է մարդկանց իրազեկել, որ չաշխատող սառնարաններին ու օդորակիչներին կարելի է երկրորդ կյանք տալ՝ դրանք վերածել արտ-օբյեկտների եւ օգտագործել տարբեր նպատակներով՝ որպես պահարան, գրադարակ եւ այլն։
Ցուցահանդեսը կազմակերպել են «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում եւ կարողություների ստեղծում» ծրագրի աջակցությամբ։
«Հայաստանի տարբեր մասերում կարող եք տեսնել շարքից դուրս եկած, լքված սառնարաններ։ Սա ոչ միայն տգեղ է, այլեւ վնասակար։ Մենք փորձում ենք խնդրին որեւէ լուծում գտնել: Ցուցահանդեսը խնդիրը չի լուծում, պարզապես օգնում է մարդկանց ուշադրությունը հրավիրելու խնդրի վրա։ Ուզում ենք՝ մարդիկ սառնարանները հանձնեն մասնագետներին, որոնք կարող են աշխատող մասերը կրկին օգտագործել, իսկ մյուս մասերը պատշաճ օգտահանել»,- ասում է Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը։
Ցուցահանդեսում ներկայացված սառնարանները ձեռք են բերել քաղաքացիներից եւ սառնարան նորոգող վարպետներից։ Հինգ սառնարան էլ Էջմիածնի համայնքապետարանն է տվել։ Դրանք արտ-օբյեկտի վերածելու հարցում օգնել են Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները։
«Ինձ համար սա շատ հետաքրքիր գաղափար էր։ Միշտ կողմ եմ եղել վերամշակմանը, բայց երբեք չէի մտածել սառնարանից ինչ-որ բան ստեղծելու մասին։ Երբ այս սառնարանը տեսա, դրա ձեւն ինձ այս մեքենան հիշեցրեց, որը ես շատ եմ սիրում։ Դրա ձեւն ավելի համապատասխան էր մեքենայի համար, քան ժամանակակից սառնարաններինը, ու որոշեցի ռետրո սառնարանը վերածել ռետրո մեքենայի»,- պատմում է Մանու Հարությունյանը։
Մանուն վստահ է՝ ցուցահանդեսն ազդեցություն կունենա, մարդիկ կսկսեն մտածել թափոններն այլ կերպ օգտագործելու մասին։
Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արեւիկ Մկրտչյանն ասում է՝ այգում պիտի շարունակաբար այսպիսի բնապահպանական նախաձեռնություններ իրականացվեն, մարդկանց պիտի տեղեկացնեն իրենց գործունեության բացասական հետեւանքների մասին։ «Եթե հաշվի առնենք, որ այգին տարեկան մոտ 200 հազար այցելու է ունենում, կարծում եմ, ցուցանմուշներն այստեղ պահելով՝ որոշ չափով կհասնենք մեր նպատակին»,- վստահ է Արեւիկ Մկրտչյանը։
Սառնարաններն այգու տարածքում կմնան մեկ ամիս։ Նախատեսվում է դրանցից մեկն անվճար գրադարանի վերածել։ Ցանկացողներն էլ կարող են սառնարանները «որդեգրել»։