«2018 թվականի հեղափոխությունը ժողովրդին վերադարձրեց իշխանությունը՝ մերժելով տրաֆարետային ժողովրդավարության կեղծ ձեւակերպումները: Այսօր մեր երկրում լիարժեք ժողովրդավարության սեփական մոդելի ձեւակերպումն արդեն ամենօրյա աշխատանք է՝ զուգակցված բոլորիս ջանքերով եւ մեծ համբերությամբ»։
Ծիծաղեցի՞ք։ Ես էլ ձեզ հետ։ Կռահեցի՞ք, թե ով է հեղինակը։ Այո՛, դուք ճիշտ եք, այս խոսքերի հեղինակը ՀՀ ԱԺ նախագահի աթոռին բազմած Ալեն Սիմոնյանն է։
Սույն պարոնն, ամեն անգամ նման ցինիկ արտահայտություն անելով, գործնականում ապացուցում է ոչ անհայտ Հովիկ Աբրահամյանի այն թեզը, թե քաղաքականությամբ զբաղվելու համար խելք անհրաժեշտ չէ։
Սրանք այդպես էլ չազատվեցին աննախադեպության բարդույթից։ Սրանց պատկերացմամբ իրենցից առաջ կյանք չի եղել, ժողովրդավարություն չի եղել, ու հիմա ինքը կամ իրենք «սեփական մոդել» են ձեւավորում։
Արդ տեսնենք՝ որն է Ալենի պատկերացրած ժողովրդավարության «սեփական մոդելը»։
Երեւի այն, որ ինքն իրավունք ունի իր եւ իր ընտանիքի համար անձնական բժիշկ ունենալու պետության, այսինքն՝ մեր հարկերի հաշվին, բայց դա իր անձնական գործն է, մենք իրավունք չունենք այդ մասին խոսելու։
Իր՝ «սեփական մոդելի» ժողովրդավարության պայմաններում առավել եւս իրավունք չունենք հարցնելու, թե ինչու էր մեր հարկերի հաշվին «տժժում» Հունաստանում։ Թե՞ դա մեր հարկերի հաշվին չէր։ Ուրիշի հաշվի՞ն էր, գուցե։ Սակայն դա կոչվում է կոռուպցիա, պարոն «սեփական մոդելի» հեղինակ։
Իսկ գուցե Հունաստանում «գունագեղ տժժա՞լն» էլ չորս հազար զոհերի հիշատակը հարգելու միջոցառում էր։ Ասեք՝ իմանանք։ Վայ, կներեք, որ հարցրի։ Ախր ժողովրդավարության «ալենական սեփական մոդելի» պայմաններում իրավունք չկա նման հարցեր տալու։ Դա իր անձնական կյանքն է. «տժժալը»… ի հիշատակ։ Խի՛ստ անձնական է։
Իրենց մոդելում հարց տալ կարող է միայն «ժողովուրդը»։ Իսկ «ժողովուրդ» են միայն նրանք, որ ձայն են տվել «մեր դարաշրջանի միտք, պատիվ ու խիղճ» «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Իսկ մյուսները, որ կա՛մ չեն քվեարկել, կա՛մ քվեարկել են այլ ուժերի օգտին, ժողովուրդ չեն, ժեխ են, նրանց պետք է արհամարհել, հարկ եղած դեպքում՝ գործ սարքել, ձերբակալել, նրանց կարծիքն իրավունք չունի հնչելու, որովհետեւ այդ կարծիքը քննադատական է, իսկ քննադատականը նշանակում է «ժեխերի կարծիք»։
Ալենական «սեփական մոդելի» ժողովրդավարության պայմաններում չի կարելի մատնացույց անել Նիկոլի աչքի վերեւի հոնքը, որովհետեւ դա վիրավորանք է «մեծ առաջնորդի» հասցեին։ Ու այդ ժողովրդավարության պայմաններում «Նիկոլը (վայ, կներեք՝ «մեր մեծ առաջնորդ ընկեր Փաշինյանը») միշտ ճիշտ է»։
Ալենական «սեփական մոդելի» ժողովրդավարության պայմաններում չի կարելի մատնանշել Բաքվի բանտերում խոշտանգումների փաստը, որովհետեւ ալենական տրամաբանությամբ դրանք «հնարովի պատմություններ» են։ Գիտե՞ք, թե ինչու է այդպես ասում. ադրբեջանական գերությունից վերադարձածներն իրենց կուսակցությանը ձայն չեն տվել, հետեւաբար նրանք «ժողովուրդ» չեն, նրանց պատմածներին պետք չէ հավատալ։
Բայց, ա՛յ, ադրբեջանցիների հասցեին չասված բոլոր թթու խոսքերը պիտի ուղղել իրենց կենսական միջավայրում ապրել ցանկացող «ֆիզգարադոկցիների» վրա։ Եվ ոչ միայն խոսքերը։ Ալենական ժողովրդավարության պայմաններում Երեւանի քաղաքապետը խուլուհամր է (դերասան է, ի վերջո, դժվար չէ նման դեր էլ խաղալ), երբ խոսքը վերաբերում է բնակիչներին։ Իսկ ոստիկանությունը եւ կարմիրբերետավորները, ընդհակառակը, ակտիվ են, երբ խոսքը վերաբերում է մի օլիգարխի մասնավոր շահը պաշտպանելուն։
Որովհետեւ ալենակերպների համար գիտնականներն ու նրանց սերունդները, ընդհանրապես մտածող մարդիկ «ժեխ» են, իսկ նախկին ոստիկանը իրենցն է, որովհետեւ հլու-հպատակ է։
Քսան տարի շարունակ ես իմ գործընկերների հետ քննադատել եմ նախորդ իշխանություններին (բազմաթիվ հոդվածներս եւ վերլուծություններս վկա)։ Նրանք էլ առանձնապես ժողովրդավարության մագիստրոսներ չէին։ Սակայն հիմա ուզում եմ սեփական աննախադեպ «ժողովրդավարության» բարդույթով տառապող ցինիկներին տեղեկացնել, որ անգամ այդ «տրաֆարետային ժողովրդավարության» պայմաններում, գոնե իմ նախընտրած՝ խոսքի, մամուլի ազատության ոլորտում որեւէ օրինագիծ շրջանառության մեջ չի դրվել առանց մասնագիտական կազմակերպությունների հետ քննարկման։
Օրինակ՝ միայն «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը երեք տարի քննարկվել է ու նախնական տարբերակից արմատապես տարբերվող տեսք ստացել։
Իսկ «ալենական ժողովրդավարության սեփական մոդելի» պայմաններում նման քննարկումների անհրաժեշտություն չկա. չէ՞ որ ՔՊ-ի ցուցակով միայն ու միայն հանճարներ են հավաքվել խորհրդարանում։ Իսկ եթե լինում են հատուկենտ հանդիպումներ, ապա միայն «թռչնակ» (իրենց հասկանալի լեզվով ասեմ՝ «պծիչկա») նկարելու համար։ Որովհետեւ այդ քննարկումներից հետո որեւէ արմատական փոփոխություն նախագծերը չեն կրում։
Ի դեպ, ձեր ասած «տրաֆարետային ժողովրդավարության» պայմաններում լրագրողական հանրության պահանջով անգամ օրինագծեր են հանվել շրջանառությունից։ Իսկ ձեր՝ «սեփական մոդելի» ժողովրդավարության պայմաններում, ողջ լրագրողական համայնքի բազմաթիվ կոչերից ու բողոքներից հետո էլ, ոչ միան չեղյալ չեք համարում լրագրողների գործունեությունը սահմանափակող ձեր հակաօրինական որոշումը, այլեւ դրա համար հիմնավորումներ եք փնտրում այլ օրենքում։
Ես, իհարկե, կարող եմ նաեւ ցուցանել ու ապացուցել, որ ձեր մատնանշած սահմանադրական օրենքի դրույթը բնավ չի ենթադրում այն տխմարագույն սահմանափակումները, որ դուք եք դրել։ Բայց դա նույնն է, թե փորձեմ Պյութագորասի թեորեմը բացատրել հարեւանիս թոռան սիրելի ծովախոզուկին։ Թեպետ, կարծում եմ, վերջինս ինչ-որ բան կհասկանար։
Եվ վերջապես՝ հավանաբար «սեփական մոդելի» ժողովրդավարության օրինակ է պատգամավորուհու ամուսնուն (իբրեւ սփոփանք երկուսի էլ պաշտոնազրկման) ընտրացուցակ խցկելն ու խորհրդարան բերելը։ Կին ու ամուսին, այ տենց ժողովրդավար-ժողովրդավար, «ադարբյամս» կանեն շեֆի բոլոր օրինագծերին։
Ախր, շատ աննախադեպն եք, է։ Պյութագորասի թեորեմն ընկալած ծովախոզուկը վկա։
Հ. Գ. Ասեմ՝ իմանաք, ալեննե՛ր. նույնիսկ այս՝ «սեփական մոդելի ժողովրդավարության» հարցում դուք օրիգինալ ու աննախադեպ չեք։ Օրիգինալ եւ աննախադեպ էր «մեծ ժողովրդավար» Կալիգուլան, որն իր նժույգին սենատոր կարգեց։ Դե, դուք էլ ձեր ցուցակով խորհրդարան եք բերել ընդամենը աքացի տվողների։ Փաստորեն սխալվեցի, օրիգինալ եք. ի վերջո ազնվացեղ նժույգն ու աքացի տվողը խիստ են տարբերվում իրարից։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։